«Կրթական չափորոշիչներով զբաղվում են մարդիկ, որոնց մեծ մասը, չէի ասի, թե լավագույն մասնագետներ են»
Նմանատիպ
«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրուցել ենք կրթական ոլորտում ընթացող գործընթացների, մասնավորապես՝ նոր չափորոշիչների մասին, որոնք հանրային դժգոհության առիթ դարձան։
– Կրթական չափորոշիչների մասին քննարկումներն այս պահին մարել են, ենթադրաբար, դժգոհությունների նոր ալիքը կսկսվի չափորոշիչների փոփոխված տարբերակի հրապարակումից հետո։ Հրատարակիչների շրջանում նույնպես դժգոհություն կար։ Ի՞նչ մասնակցություն ունեն կամ պետք է ունենային նրանք այս գործընթացներում, և ո՞րն էր դժգոհության հիմնական պատճառը։
– Նախ և առաջ, կրթական չափորոշիչներով զբաղվում էին մարդիկ, որոնց մեծ մասը, չէի ասի, թե լավագույն մասնագետներ են։ Երկրորդ՝ չափորոշիչները չպետք է կիսատ-պռատ դրվեին հանրային քննարկման (այս մասին ասել եմ նաև փոխնախարարին)։ Իմ կարծիքով՝ սկզբում մասնագիտական քննարկում պետք է լիներ, լավ ու վատ կողմերը վեր հանվեին, որից հետո, համարյա պատրաստի վիճակում, ներկայացվեին հանրային քննարկման։ Երրորդ՝ ուզում են ուսումնական նյութը՝ դասագրքերի մի մասը փորձարկեն Տավուշի մարզում։ Եվ, որքան հասկանում եմ, վերջնական նյութի փորձարկմանը հրատարակիչները չեն մասնակցելու։ Այն դեպքում, որ 1997-1998 թվականներից սկսած, երբ սկսվեց դասագրքային բումը, հսկայական աշխատանք են արել, մասնագիտական և այլ փորձառություններ ունեն այս ոլորտում։ Հիմնական դժգոհությունը սրանով է պայմանավորված։
– Իսկ ինչու՞ է փորձարկման համար ընտրված սահմանամերձ Բերդը։
– Այդ հարցը ես էլ եմ տվել։ Օրինակ, երբ անցյալ իշխանությունները որոշեցին «Արմթաբը» փորձարկել Վայոց ձորում, շատ մեծ դժվարություններ առաջ եկան։ Անհաջող ծրագիր էր. նյութ չկար, սարքերը չէին աշխատում, Wi-Fi չկար, ու մարդիկ անընդհատ գործուղվում էին, մեծ գումարներ էին ծախսվում՝ անարդյունք։ Հիմա, ինչու՞ Տավուշի մարզում, երբ Երևանում փորձարարական դպրոցներ կան։ Այդ դպրոցներում կարելի էր փորձարկել, ծրագրի հեղինակների հետո էլ անմիջական կապ պահել։
– Կրթական ծրագրում տեղ գտած ո՞ր փոփոխություններն են Ձեզ մտահոգվելու, զայրանալու առիթ տվել։
– Անհասկանալի է գրականության ցանկը. ծրագրում ներառված ավելի քան 60 հայ ժամանակակից հեղինակներն ընդգրկված են հախուռն կերպով, շեշտը դրված է ավելի շատ ոչ թե ստեղծագործությունների ասելիքի, այլ հայտնիության վրա, առանց հաշվի առնելու երեխաների տարիքային նրբությունները։ Համաշխարհային գրականության պարագայում նույնպես անհասկանալի է՝ ովքե՞ր են ներկայացված և ինչու՞։
Խնդրահարույց է նաև ծանրաբեռնվածության հարցը. պատկերացրեք՝ երկրորդ դասարանցին պետք է 11 առարկա անցնի։
Իսկ ամենամտահոգիչը զինվորական նախնական կրթության հարցն է, որ պետք է բարձր մակարդակի վրա դրվի։
– «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը գոհացուցի՞չ է, աշակերտները լրջորե՞ն էին վերաբերվում այդ առարկային։
– Այստեղ արդեն ուսումնական պրոցեսը ճիշտ կազմակերպելու հարցն է, նույն անգլերենը 10-12 տարի անցնում են, ավարտում են՝ գրել չիմանալով։ Սա ուրիշ խնդիր է։ Ավելի շատ վատն էին ոչ թե եղած դասագրքերը, այլ ուսումնական պրոցեսը, մեթոդական ապարատը, որ կար դրա հիմքում։
– Ասում են՝ սեռական դաստիարակությունը դպրոցում սկսվելու է վաղ տարիքից, կասկածելի մեթոդներով։ Սա թերևս ամենավիճելի թեմաներից է։ Ի՞նչ կասեք այս մասին։ Տարիքային շեմի մասին խոսելիս էլ երևի պետք է հաշվի առնենք այն փաստը, թե որքան տեղեկացված են այսօր երեխաները, վտանգները՝ շատ։
– Մենք դեռ չենք հասել եվրոպական չափանիշներին, որ կարողանանք դպրոցներում 1-ին դասարանից սեռական դաստիարակություն մտցնել։ Ավելի տեղեկացված են երեխաները, բայց պատրաստ չենք դրան. դպրոցներում բացեիբաց այդ ամենը մատուցելը կարող է այլասերման տանել։ Ես չէի ուզենա, որ իմ թոռները նման խնդրի առաջ կանգնեին։
– Կրթական ոլորտում ներդրվող փոփոխություններում հատուկ միտումներ, պարտադրված ծրագիր տեսնու՞մ եք։
– Ավելի շատ ոչ կոմպետենտության հետևանք է։ Չեմ կարծում, թե իշխանությունը պարտադրում է ներդնել նման չափորոշիչներ։ ՈՒղղակի իրենք առաջ են ընկնում, եվրոպամետ քաղաքականություն են ուզում վարել։ Եթե այս գործընթացներում ներառեն փորձառու մասնագետների, որոնք նախկինում մասնակցել են կրթական ծրագրերի մշակմանը (իսկ ես գիտեմ, որ նրանցից գրեթե ոչ մեկը չի ներգրավվել), կունենանք լրիվ ուրիշ պատկեր։
– ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիաներ են կազմակերպվում. ծայրահե՞ղ մոտեցում է, թե՞ նմանատիպ ընդվզման կարիք, այնուամենայնիվ, կա։
– Ես իմ կարծիքն ունեմ այս հարցում. ցանկացած մարդու համար շատ դժվար է այդ ամբողջ տիրույթը` կրթություն, սպորտ, մշակույթ, գիտություն, համակարգել։ Նախարարի հրաժարականը պահանջելը հարցի լուծում չէ։ Պետք է հետ գնալ, նախարարություններն առանձնացնել, որ մասնագետները կարողանան ղեկավարել ամեն մի տիրույթը։
– Ի՞նչ են պատրաստվում անելու հրատարակչությունները։
– Մենք մեր գործն անում ենք, բոլոր հրատարակչությունները, որ զբաղվում են կրթական ոլորտով, ծանոթ են և՛ եվրոպական և՛ հայկական արժեքներին։ Բնականաբար, մասնակցելու ենք հետագա մրցույթներին, համագործակցելու ենք այն հեղինակների հետ, որոնք կպատրաստեն մեր երեխաներին անհրաժեշտ դասագրքեր։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում