Շնորհավոր մեր մեծ ընտանիքի հոգևոր հոր՝ Տեր Գրիգորի կրկնակի հոբելյանը
Նմանատիպ
Այսօր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և արև երեխաների համար պայծառ ու նշանակալից օր է. եկեղեցու մեծ ընտանիքը նշում է հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի քահանայական ձեռնադրության տասնհինգ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հովվության յոթ ամյակները: Տասնհինգ տարի առաջ սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոռ սարկավագ Գրիգորյանը, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, ձեռնադրվեց ամուսնացյալ քահանա: Ձեռնադրող Սրբազան Հոր մաղթանքն էր նորընծա Տեր Գրիգորին, որ Հայ եկեղեցու մեծ Գրիգորների մտածումներն ու զգացումները ձեռնադրությամբ Տեր Հորը փոխանցվեն: Թեև տասնհինգ տարի է, որ Տեր Գրիգորը մուտք է գործել քահանակայան ծառայության իր ուղին, սակայն հոգևորականի ուղին Տեր Հոր համար սկսվել է դեռևս ծնունդից առաջ, քանի որ իր մայրն ուխտել էր եկեղեցուն նվիրել իր արու զավակին և հետագայում էլ, մշտապես օգնել է, որ զավակը քայլերն ուղղի դեպի եկեղեցի:
Աստվածային նախախնամությամբ Տեր Գրիգորը 2013 թ-ին հովվական ծառայության կոչվեց Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Տեր Հայրն իր ծառայության առաջին օրվանից հատուկ եռանդով ձեռնամուխ եղավ եկեղեցու շենացման գործին՝ ձեռնարկելով և իրականացնելով բարեկարգման, սոցիալական աջակցության ու հրատարակչական բազմաթիվ ծրագրեր, ստեղծելով եկեղեցու հոգևոր կայք-էջն ու առողջության և զարգացման կենտրոն հիմնելով արև-երեխաների համար:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքն իր ջերմագին շնորհավորանքներն է հղում Տեր Գրիգորին՝ մաղթելով. «Սիրելի՛ Տեր Հայր, խորագույնս գնահատելով Ձեր անխոնջ վաստակը՝ ի պայծառություն Մայր եկեղեցու և մասնավորաբար Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու, երախտագետ սրտով շնորհավորում ենք Ձեզ Ձեր կրկնակի հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջ և արևշատ տարիներ, անսպառ եռանդ, բեղմնավոր ծառայություն՝ ի նպաստ Մայր եկեղեցու և Հայոց ազգի: Գոհություն ենք հայտնում Ամենակալին, որ Ձեր հովվությամբ մեր մեծ ընտանիքից ներս վայելում ենք ընտանեկան ջերմ մթնոլորտը: Աղոթում ենք Աստծուն, որ անսպառ լինի Ձեր եռանդը, և Ձեր օրհնաբեր ծառայությունը նորանոր հաջողություններով պսակվի՝ ի փառս մեր եկեղեցու: Գրիգոր անունը նշանակում է «արթուն», և հիրավի, Դուք, որպես արթուն հովիվ Ձեզ վստահված հոտն առաջնորդում եք փրկության ճանապարհով: Ողջ սրտով մաղթում ենք. «Զի շնորհեսցէ Ձեզ Տէր ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ»»:
Կարինե Սուգիկյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում