Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ

Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԿառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսային օրենքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մաքսատուրքերի բարձրացումը կնպաստի ապրանքի բարձրացմանը, որին նաև հասարակությունը պատրաստ չէ:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Կառավարությունից ավելի հստակ պատասխան են ուզում: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի նախագահը օրինակ էր բերել, թե կան խանութներ, որտեղ մեկ վերնաշապիկը 30 հազար դրամ է, և մի քանի տոկոսով ապրանքի բարձրացումն էական տարբերություն չի տա, սակայն, ըստ վաճառողի, ոչ բոլորն են դրան պատրաստ, քանի որ եթե որոշել են տոնավաճառներից օգտվել և այնտեղից հագուստ գնել, ապա նույնիսկ 500 դրամով գնի բարձրացումն էական տարբերություն է տալու:

«Մեզ ասել են, որ այս ընթացքում պետք է մեզ պատասխան տան, բայց այդ պատասխանը դեռ չկա: Մենք Կառավարության դեմ ոչինչ չունենք, մեզ պետք է, որ մեր ընտանիքներին պահենք»,- ասաց նա և հավելեց, որ նման որոշումներ եղել են նաև նախկին Կառավարության ժամանակ, սակայն քննարկումների արդյունքում խնդիրը լուծվել է և նման ալիք, որ հիմա է բարձրացել, չի եղել: «Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես որպես քաղաքացի խնդրում եմ Ձեզ, որ խնդրին լուծում տաք, բերեք նախկին դիրքին, կամ մի քիչ էլ ցածր գնի հասցրեք, որ մենք աշխատենք ու մեր ընտանիքներին կարողանանք պահել»:

Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք իրենց ապրանքը պահեստում են դրել, քանի որ չի վաճառվում և չեն էլ կարող նախկին գնից երեք անգամ թանկ վաճառել, և ընդունված օրենքը չի աշխատի:

Անհատ ձեռնարկատերերից մեկը Կառավարության ներկայացուցիչների հետ է զրուցել, որոնք էլ նրան ասել են, որ խնդրի մասին քննարկում է իրականացվում և լուծման մասին տեղյակ կպահեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում