Վենետիկի 77-րդ կինոփառատոնի դափնեկիրները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ-ում աշխատող չինուհի ռեժիսոր Խլոի Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland) ֆիլմը ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի Ոսկե առյուծը»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման որոշում է կայացրել դերասանուհի Քեյթ Բլանշեթի գլխավորած միջազգային ժյուրին։
«Քոչվորների երկիրը» վավերագրական-խաղարկային ֆիլմ է ԱՄՆ-ում «նոր քոչվորների» մասին, մարդկանց, որոնք ապրում են ճանապարհներին։ Ֆիլմը հենց սկզբից ֆավորիտ է համարվել, մրցույթին մասնակցել է 18 ֆիլմ։
Ճապոնացի Կիեսի Կուրասավայի «Լրտեսի կինը» (Wife of a Spy) ֆիլմն արժանացել է «Արծաթե առյուծի» լավագույն ռեժիսուրայի համար։ Ժյուրիի գրան-պրին ստացել է մեքսիկացի Միշել Ֆրանկոն «Նոր կարգ» ֆիլմի համար։
Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» ֆիլմը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակը։ Իտալացի Պյերֆրանչեսկո Ֆավինոն Վոլպիի գավաթին է արժանացել որպես լավագույն դերասան Կլաուդիո Նոչեի «Մեր հայրը» (Padrenostro) ֆիլմում դերակատարության համար։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել բրիտանացի Վանեսսա Քիրբին՝ Կորնելա Մունդրուցոյի «Կնոջ մասերը» Pieces of a Woman ֆիլմում դերի համար։
Լավագույն սցենար մրցանակին արժանացել է հնդկական «Աշակերտը» The Disciple ֆիլմը։ Մարչելլո Մաստրոյանիի անվան մրցանակը, որով պարգևատրում են երիտասարդ դերասաններին և դերասանուհիներին, ստացել են իրանական «Արևային երեխաները» Khorshid ֆիլմի դերակատարները։
Լավագույն դեբյուտային ֆիլմ է ճանաչվել պորտուգալացի Անա Ռոչա դե Սոուզայի «Լսիր» Listen-ը, որը պատմում է արտագաղթողների մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում