Մհեր Աբեղյանի թանգարանում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 25-ին՝ արվեստագետի ծննդյան օրը, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։
Ե. Թադևոսյանի անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի – 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում: Ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված է տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում տարբեր երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն:
Ցուցադրության կարևոր մաս են կազմում էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները»,- հայտնում են Ազգային պատկերասրահից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում