Հրաչյա Հովհաննիսյան. Ձեռքն այգեպանի կոշտ պիտի լինի…
16/09/2020 20:40
Նմանատիպ
***
Ձեռքն այգեպանի կոշտ պիտի լինի,
Սիրտը՝ քնքշաթով,
Որ ձեռքով փշրի քարը հայրենի
Ու սիրի սրտով:
Ճակատը պիտի հոգսի, բարության
Կնճիռն ակոսի,
Խոնավ աչքերում միայն լավության
Ցոլքը պիտ խոսի:
Նա պիտի ցողի ցողուն ու պատվաստ
Քրտինքով զուլալ,
Պիտի կարենա ամեն մի ջարդված
Ճյուղի համար լալ:
Սիզամարգ դարձնի լանջերը խոպան,
Խնդություն շաղի,
Որպեսզի կյանքում կոչվի այգեպան
Եվ…հրաշալի՛:
1963թ., (“Ծովի լռությունը” գրքից, 1964թ.,
համալրված “Հրաշալի այգեպան” շարք)