Մեր անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է բարձր մակարդակի հասցնել. Աբրահամյան

Մեր անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է բարձր մակարդակի հասցնել. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookՀՀ դատախազությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով (մարդուն առեւանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ): Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ստացվում է, որ զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու հիմնական վարկածը ադրբեջանցիների կողմից նրա առևանգումն է։

Առիթ ունեցել եմ տարբեր տեսանկյունից ներկայացնելու դիտարկումներս զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու, նրա կարգավիճակի, միջազգային իրավունքի, անվտանգության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մասին, սակայն այս դեպքում կփորձեմ թեմային այլ դիտանկյունից անդրադառնալ։

Ադրբեջանցիների կողմից սահմանի ապօրինի հատումն ու զինծառայողի առևանգումն իր մեջ ահազանգող այլ սպառնալիքներ է նաև պարունակում, հատկապես եթե նկատի ունենանք, որ մի քանի ամիս առաջ էլ, ադրբեջանցիների կողմից սահմանի հատման և դեպի մեր երկրի խորք ներթափանցելու մեկ դեպք էլ Արեգունի գյուղի ուղղությամբ էր արձանագրել։

Այդ ժամանակ խոսվում էր, որ նմանօրինակ մի դեպք էլ այդ ժամանակահատվածում տեղի էր ունեցել Արեգունու հարևան համայնքներից մեկի ուղղությամբ, որի մասին պաշտոնական պարզաբանում այդպես էլ չեղավ, այսպես ասեմ՝ չհերքվեց կամ չհաստատվեց։

Վերջին մի քանի ամսվա ընթացքում արձանագրված այս դեպքերը պետք է սթափեցնող ահազանգ լինեն։ Անվտանգային համակարգը սահմանային հատվածներում, բնակավայրերում պետք է առավել ուժեղացնել, ադրբեջական հետախուզությանը հակազդելու, մեր անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է բարձր մակարդակի հասցնել։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում