Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասը կղեկավարի «Ոսկե ծիրանի» ժյուրին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17–րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կղեկավարի ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝օրեր առաջ ավարտված Վենետիկի 77–րդ կինոփառատոնում ֆիլիպինցի ռեժիսորն արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ 4-րդ անգամ առանց մրցանակի չլքելով Լիդո կղզին: Նախորդ մրցանակների թվում էր «Ոսկե առյուծը» «Հեռացած կինը» (2016) ֆիլմի համար, որն ամիսներ անց ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։
Ռեժիսորի պատվավոր մրցանակների թվում է նաև Լոկարնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծը» «Նախորդից» ֆիլմի համար, իսկ 2016-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում Դիասի «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը արժանացավ Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի», ինչպես նաև 480 րոպե դիտումից հետո ևս տասնյակ րոպեներ հոտնկայս ծափահարությունների:
«Մենք հպարտ ենք հայտարարել, որ Լավ Դիասը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Առանձնահատուկ շեշտեմ, որ, ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնային ժյուրին կազմված է լինելու ոլորտի ճանաչված անուններից: Շատ շուտով հրապարակենք նաև փառատոնային մյուս մրցույթների ժյուրիների անունները»,-նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ 2020-ի հուլիսին փառատոնը ներկայացավ արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերով ու նախագծերով, որոնք անցկացվեցին առցանց եղանակով հուլիսի 13-16-ը՝ մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում