Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին՝ նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ: Ջոզեֆ Բարկովսկին տեղեկացրել է, որ «Poly Group»-ը Չինաստանի ամենամեծ և ազդեցիկ պետական ընկերություններից է և հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի արբանյակային ծրագրի իրականացման գործընթացի առկա վիճակը, ասել է, որ այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում: «Մենք ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Այսօր աշխատում ենք Ռուսաստանի հետ: Մենք ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման և դրանց հնարավոր ֆինանսավորման աղբյուրներին առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում