«Գիտությունը մի գործիք է, որի միջոցով մարդկությունը կարդում է համակ գոյության սկզբնաղբյուրի՝ Աստծո ձեռագիրը»
Նմանատիպ
Դեռևս իր ժամանակին Արիստոտելն ասում էր, որ փիլիսոփայությունը սկսվում է զարմանքից: Զարմանալի չի լինի,եթե ասեմ, որ փիլիսոփայության վերջին շուրջ 2500-ամյա պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդը բացի ֆիզիկական ուղեղից ունի նաև հոգևոր ուղեղ: Ֆիզիկական ուղեղը բնության կողմից գլխում ստեղծված բարձրագույն նյութի միջոցով մարդու համար ապահովում է ֆիզիկական գոյությունը, անվտանգությունը և բարեկեցությունը: Դարերի ընթացքում փլիսոփայական մտքի զարգացման ընթացքը վկայում է, որ ֆիզիկական ուղեղի արգասիքը եղել է դիալեկտիկական մատերիալիզմը, որը հիմք հանդիսացավ ճանաչելու նյութական աշխարհը, դրա կառուցվածքը՝ սկսած տարրական մասնիկներից մինչև տիեզերական մոլորակների բացահայտումը և դրանց տեղաշարժերը: Ներկայումս դիալեկտիկական մատերիալիզմի տեսության հիման վրա են զարգանում գիտությունը և գիտատեխնիկական առաջընթացը, թվային տեխնոլոգիաները, որոնք ուղղորդված են մարդու նյութական բարեկեցության ապահովմանը:
Փիլիսոփայական մտքի զարգացման վերաբերյալ մեր կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու հոգևոր ուղեղի հիմքը կազմում է Սուրբ հոգին: Փիլիսոփայական մտքի զարգացման սկզբնական ժամանակներից սկսած մարդու հոգևոր զարգացման հիմնախնդիրներով զբաղվել են Պլատոնը, Արիստոտելը, որոնք հետագայում համակարգել և բավականին մատչելի ներկայացրել է Հեգելը: Մարդու զարգացման իդեալիստական տեսության հիմնադիրների համար Աստվածաշունչը եղել է հիմնական հոգևոր լույսը, հավատը և գիտելիքների սկզբնական աղբյուրը: Վերջին հաշվով, ըստ իդեալիստական տեսության, մարդու մեջ կա մի էություն, որը ղեկավարում է մարդուն: Ահա այստեղից է սկսվում մատերիալիսների և իդեալիստների միջև առաջացած դարավոր, բայց թվացյալ հակասությունը և, իմ կարծիքով, անհիմն ու անիմաստ պայքարը, որն, ըստ էության, մարդկությանը ոչինչ չտվեց: Ըստ մեր կողմից առաջարկվող մոտեցման` մի կողմից մարդու ֆիզիկական ուղեղը պատասխանատու է մատերիալիստական տեսության զարգացման համար, իսկ հոգևոր ուղեղը, Սուրբ հոգու միջոցով, պատասխանատու է իդեալիստական տեսության զարգացման համար, հետևաբար դրանց միջև հակասություն լինել չի կարող, այլ ընդհակառակը, դրանք լրացնում և փոխօգնում են միմյանց: Հետևաբար, մարդու ֆիզիկական ուղեղը և հոգևոր ուղեղը ունեն տարբեր գործառույթներ, որոնց միասնությունը ներկայացնում է տվյալ անձի անհատականությունը: Ըստ մեր կողմից առաջարկվող փիլիսոփայական այս մոտեցման` մարդու ինքնագիտակցությունն ունի երկու բաղադրիչ, որոնցից առաջինը ներկայացնում է մարդու ինքնությունը, որն արտացոլում է Սուրբ հոգու հիման վրա գործող հոգևոր ուղեղի գործունեությունը, իսկ երկրորդ բաղադրիչը ներկայացնում է գիտակցությունը՝ ֆիզիկական ուղեղը: Ըստ էության, ինքնագիտակցությունն արտահայտում է մարդու անհատականությունը, քանի որ անհատական է ինչպես մարդու ֆիզիկական գիտակցությունը, այնպես էլ անհատական է մարդու հոգևոր գիտակցությունը (մասնավորապես, պայմանավորված այս կամ այն իրադարձության վերաբերյալ մարդու տեղեկացվածության աստիճանով): Բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես են փոխհամագործակցում մարդու կողմից ստեղծված մատերալիստական և իդեալիստական տեսությունները կամ մարդու ֆիզիկական և հոգևոր ուղեղները, մարդուց դուրս գտնվող ֆիզիկական և հոգևոր աշխարհները ճանաչելու գործընթացում:
Սուրբ հոգու մասին փիլիսոփայական մտքի պատմությունը մեզ շատ քիչ տեղեկություններ է հաղորդում, որոնցից հնարավոր չի դառնում որոշակի պատկերացում կազմել մարդու գործունեության վրա դրա կոնկրետ ազդեցության մասին: Աստվածաշնչում սուրբ եռամիասնության հիմնական բաղադրիչներից մեկը Սուրբ հոգին է, որի մասին, ի տարբերություն Աստծո գոյության և Հիսուս Քրիստոսի մասին տեղեկությունների, համեմատաբար ավելի քիչ պատկերացումներ ունենք: Քանի որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ, հետևաբար մարդու մեջ Սուրբ հոգու գոյության առկայության վերաբերյալ կասկած լինել չի կարող, և այն ազատ ու անկախ է իր գործողությունների մեջ: Սուրբ հոգին, լինելով մարդու հոգևոր ուղեղի հիմքը և առանցքը, կարող է ազատ տեղաշարժվել և առիթի դեպքում ժամանակավորապես լքել մարդու ֆիզիկական մարմինը: Ամեն դեպքում ֆիզիկական ուղեղը այդ դեպքում կարող է շարունակել իր գործունեությունը: Սուրբ հոգին, լքելով մարդու ֆիզիկական մարմինը, կարող է մակրոաշխարհի՝ մարդուց դուրս գտնվող տարբեր երևույթների վերաբերյալ տեղեկություններ փնտրել ու գտնել և գրեթե լույսի արագությամբ հետ վերադառնալ նորից այդ ֆիզիկական մարմինը: Սուրբ հոգու կողմից մակրոաշխարհի վերաբերյալ ձեռք բերված գիտելիքները, նույնիսկ նկարահանված տարբեր պատկերների միջոցով, փոխանցվում են մարդու ֆիզիկական ուղեղին, ինչի շնորհիվ ընդլայնվում են արտաքին աշխարհի վերաբերյալ մարդու պատկերացումները: Մարդու կողմից Սուրբ հոգու միջոցով ձեռք բերված գիտելիքները կարող են նաև գիտական հայտնագործությունների համար հիմք հանդիսանալ կամ դրանք պատրաստի տրվել տվյալ մարդուն: Փաստորեն տեղեկատվությունը մարդուն տրվում է ոչ միայն գիտական փորձերի և փորձարկումների միջոցով, այլև կարող է ձեռք բերվել նաև մակրոաշխարհից՝ Սուրբ հոգու միջոցով (այստեղ՝ ըստ Հեգելի): Իսկ երբ Սուրբ հոգին ընդմիշտ է լքում ֆիզիկական մարմինը, ապա այդ դեպքում դադարում է նաև ֆիզիկական ուղեղի գործունեությունը: Հետևաբար ճիշտ է նաև հակառակ պնդումը, այն է՝ երբ վնասվում կամ ոչնչանում է ֆիզիկական ուղեղը, չի գործում նաև հոգևոր ուղեղը: Բնականաբար հարց է առաջանում՝ ֆիզիկական ուղե՞ղն է առաջնային, թե՞ հոգևոր ուղեղը: Քանի որ երկուսն էլ գործում են միմյանցից անկախ և փոխլրացնում են մեկը մյուսին, ապա դժվար է առաջնություն տալ որևէ մեկին, սակայն վերջին հաշվով մարդու աստվածային էությունն է մարդուն ղեկավարում, այսինքն` Սուրբ հոգին:
Ներկայումս դիալեկտիկական մատերիլիստական տեսությունը զգալի առաջընթաց է ապրում տարբեր բնագավառներում, բազմաթիվ գիտնականներ նոր հայտնագործոթյուններ են կատարում, սակայն Նոբելյան մրցանակ ստացած շատ գիտնականներ, ըստ իրենց հարցազրույցներից ստացված տեղեկատվության, չեն հավատում Աստծո գոյությանը կամ Սուրբ հոգու առկայությանը: Սակայն ինչպես ցույց տվեցին մեր դատողությունները, գիտնականներն առանց իրենց մեջ հոգևոր ուղեղի և Սուրբ հոգու առկայության չեն կարող որևէ հայտնագործություն անել, մանավանդ զբաղվել առօրյա գործերով կամ սուրճ խմել, անկախ նրանից` նրանք այդ մասին գիտե՞ն, թե՞ չգիտեն: Շատ մարդկանց մոտ բավականին զարգացած կարող է լինել ֆիզիկական ուղեղը, մյուսների մոտ` հոգևոր ուղեղը: Դրանով պայմանավորված` մարդը կարող է դառնալ կամ լավ գիտնական, կամ արհեստավարժ մասնագետ, կամ արվեստագետ, գրող կամ մանկավարժ: Ամփոփելով նշեմ, որ դիալեկտիկական մատերիալիզմը հիմնվում է գիտելիքի, իսկ քրիստոնեությունը՝ հավատի վրա: Դիալեկտիկական մատերիալիզմը և քրիստոնեությունը փաստորեն հանդիսանում են մի մետաղադրամի երկու երեսները: Ըստ մեր մոտեցման ստացվում է, որ գիտելիքը և հավատը փոխլրացնում և հարստացնում են մեկը մյուսին, ինչը յուրաքանչյուր անհատ մարդու կյանքում դրսևորվում է ինքնագիտակցության միջոցով և պայմանավորված է տվյալ անձի անհատականությամբ՝ ֆիզիկական ուղեղի և հոգևոր ուղեղի առանձնահատկություններով և դրանց համադրությամբ:
Մեր կարծիքով, շատ կարևոր է թե դպրոցական ծրագրերում ինչ չափով և ինչ չափանիշների հիման վրա է անհրաժեշտ ներկայացնել մատերիալիստական աշխարհի, դիալեկտիկական մատերիալիզմի և քրիստոնեության վերաբերյալ գիտելիքները:
Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում