Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է
Նմանատիպ
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,
Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևորականաց դասի և հավատացյալ համայնքի անունից մեծագույն սիրով շնորհավորում եմ Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձը, և որդիական խոնարհումս բերում Ձեզ:
«Ծնողներին չեն ընտրում», այո՛, և մենք այն երջանիկներից ենք, որ մեծ օրհնության ենք արժանացել Բարձրյալից՝ Ձեզ նման հոգատար, իմաստուն և զորեղ հոգևոր հայր ունենալով:
Սիրելի՛ Սրբազան, այսօր Ձեր ճերմակող մազերը վկայում են ոչ միայն Ձեր անցած ճանապարհի, այլև Ձեզ վստահված հոտի մասին մշտական հոգածության և կյանքի հողմերից այն հնարավորինս պաշտպանելու մասին:
Նայելով Ձեզ` մենք սովորել ենք անվեհերությամբ դիմակայել բոլոր փորձություններին և իմաստությամբ կայացնել յուրաքանչյուր վճիռ: Եվ այսօր աննվազ կորով ու մտքի չխամրող պայծառություն ենք հայցում ձեզ համար Ամենակալից:
Մենք սովորել ենք հաստատակամ լինել քրիստոնեական ընթացքի ու մեր որոշումների մեջ, բայց միևնույն ժամանակ նաև հոգատար ու ողորմած այլոց հանդեպ: Եվ այսօր անբավ սեր ու անսպառ եռանդ ենք հայցում Ձեզ համար Բարձրյալից:
Սովորել ենք սիրել ու արժևորել այն վեհն ու անգինը, որ հանց սուրբ մասունքներ ունենք մեր ծնունդից մեզ վստահված` ընտանիք, ազգ, հայրենիք, եկեղեցի, դպրոց ու բանակ: Եվ այսօր աղոթում ենք Երկնավոր Հորը, որպեսզի Սուրբ Հոգու շնորհներն առավել պայծառությամբ ու առատությամբ շողան Ձերդ Սրբազնության հոգում՝ լուսավոր կանթեղ դառնալով նաև Ձեզ վստահված հոտի յուրաքանչյուր անդամի համար:
Սակայն, վստահաբար, դեռևս շատ ու շատ բաներ ունենք սովորելու Ձերդ Սրբազնությունից, ուստի այսօր աղաչում ենք Երկնային Քահանայապետին Ձեր քաջառողջության, երկար տարիների արևշատության, շնորհների առատության և առաջնորդական փոխանորդի գահի անսասանության համար: Թող որ Տիրոջ ամենախնամ ողորմածությամբ դեռ երկար տարիներ վայելենք Ձերդ սրբազնության հայրական քաղցր ներկայությունն ու խնամքը:
Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում