Որկրամոլություն

Որկրամոլություն

Որկրամոլությունը յոթ մահացու մեղքերից մեկն է: Այն կերակրի նկատմամբ մարդու անհագ ցանկությունն է, երբ սնվելը դառնում է մարդու կյանքի առաջնահերթ նպատակը:

Բազմահոգ մեր կենցաղում մարդիկ՝ որպես քրիստոնյաներ, շատ անգամ մոռանում են, որ բացի անցավոր մարմնից ունեն նաև անմահ հոգի՝ գուցե մոռանալով, որ այդ հոգու փրկության համար էլ անհրաժեշտ է աշխատել, որ այդ հոգին էլ կարիք ունի սննդի և խնամքի: Տեղին է հիշել մեր Տիրոջ`Հիսուս Քրիստոսի պատգամները՝ ուղղված բոլորիս. «Աշխատեք ո՛չ թե կորստական կերակրի համար, այլ այն կերակրի, որ տանում է հավիտենական կյանք» (Հովհաննես 6:27), «Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենն աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամուտ եղեք Աստծո արքայությանը, և այդ ամենն ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 12.29-31):
Անապատում քառասուն օրեր անցկացնելուց հետո, երբ Հիսուս քաղց զգաց, սատանան փորձեց նրան ասելով, որ եթե Աստծո Որդին ես, քարերը հաց դարձրու: Քրիստոս չարի փորձությանը հաղթահարեց Սուրբ Գրքի հետևյալ խոսքերով. «Մարդ միայն հացով չի ապրի, այլ Աստծո բոլոր խոսքերով» (Ղուկաս 4:3-5):

Կյանքը չափազանց հետաքրքիր է և գունեղ: Այն ունի բազում երանգներ, որոնք պետք է բացահայտել ու սովորել: Սնունդը մեզ տալիս է անհրաժեշտ էներգիա և կենսունակություն, որպեսզի նաև ֆիզիկապես կարողանանք լինել առողջ ու տոկուն և կարողանանք իրականցնել մեր կյանքի առաքելությունը:

Որկրամոլ մարդը ֆիզիկական կեսունակությունը պահպանելու համար անհրաժեշտ սնունդը դիտարկում է որպես կյանքի գերնպատակ, հետևաբար կարելի է ասել, որ նրա մոտ բացակայում են կյանքի իրական արժեքավոր հետաքրքրությունները, ինչն էլ իր հերթին կարող է կապված լինել մի շարք խնդիրների հետ:

Որկրամոլության հակադիր առաքինությունն է ժուժկալությունը`չափավորությունը: Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին`ասելով. «Բոլոր պտուղներից կեր»,-սա ուտիքի համար էր: «Բայց միայն մեկ պտղից մի կեր» (Ծննդոց 2.16-17),- սա էլ պահքի համար էր: Ադամը քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց Դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք ժուժկալ լինենք կվերագտնենք Դրախտը:

Յուրաքանչյուր մեղքից կամ արատից ազատագրվելու ամենակարևոր նախապայմանը կատարելության ձգտումն է, որի համար պետք է ապրել հոգևոր արժեքներով, իսկ հոգևոր արժեքներով ապրելու նախապայմանը անկեղծ ցանկությունն է՝ բացահայտելու դրանց հրաշափառ զորությունը:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում