«Թատրոն տանիքում». անկախության սերունդը հանդիսատեսին կստիպի տեղափոխվել «Երկրի հակառակ կողմը»

«Թատրոն տանիքում». անկախության սերունդը հանդիսատեսին կստիպի տեղափոխվել «Երկրի հակառակ կողմը»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Թատրոն տանիքում» թատերախումբը խաղաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 19-ին՝ սովորականից հինգ ամիս ուշ․ առաջինը «Երկրի հակառակ կողմը» (Նիկոլ Փաշինյանի համանուն գրքի հիման վրա բեմադրված) ներկայացումն է։ Թատրոնի հիմնադիր, բեմադրող ռեժիսոր Մխիթար Դանիելյանը ներկայացման գլխավոր փորձի ընթացքում «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ իրենց այլընտրանքային թատրոնի հաջողված ստարտափին, խոսեց թատրոնի գործունեության և ստեղծագործական թիմի վերաբերյալ։

«Մենք, իրոք շատ մեծ ռիսկի դիմեցինք՝ ներկայացնելով այս ստեղծագործության հիման վրա բեմադրություն։ Խնդիր կար քաղաքական տեսանկյունից՝ սևերի ու սպիտակների տարանջատման վերաբերյալ․ շատերը խոսում էին, թե հատուկ ենք վերցրել այս գործը, մեկնաբանում էին, թե, իբր, հարում ենք այս կամ այն քաղաքական ուժին, բայց մեր ներկայացումը չեզոք է։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին մարմնավորող կերպար չկա»,- ասաց ռեժիսորը։

Մխիթար Դանիելյանը հպարտությամբ ընդգծեց՝ վեպի հեղինակը իր գոհունակությունն էր հայտնել ներկայացումից հետո։ Ռեժիսորի խոսքով` միշտ էլ պարտավորեցնող է ստեղծագործության հեղինակի դրական արձագանքը։ Բեմադրության հարցում որոշիչ դեր է ունեցել գրքի «բեսթսելլեր» լինելու հանգամանքը։ Վաճառքի բարձր ցուցանիշը վկայում է մարդկանց հետաքրքրվածությունը ստեղծագործության հանդեպ։ Ռեժիսորն ընդգծեց` այս բեմադրության ոգեշնչումը գրքից փոխանցվող անկախության շրջանի էներգետիկան էր։ Ներկայացման մեջ ներգրավված ողջ ստեղծագործական թիմը, սկսած՝ երաժշտից, մինչև բեմադրող ռեժիսոր, 1990-ական թվականներին ծնված երիտասարդներ են, որոնք ողջ արարի ընթացքում խոսում են անկախության սերնդի շուրթերով՝ մութուցուրտ տարիներից, ընդհուպ՝ հետպատերազմական շրջանի նորանկախ Հայասատանի խնդիրների մասին։ Ներկայացումը սկսվում է դերասանների՝ վազքով բեմ մտնելուն պես։ Հինգն էլ կարմիր վզկապով (պիոներական) գալիս են բեմի կենտրոն, որտեղ նախապես դրված են՝ համապատասխանաբար հինգ ճամպրուկ։ Ակնարկ կա արտագաղթի շրջանի վերաբերյալ։ Կոլաժային ներկայացումն անդադար շարժման մեջ է․ դերասաններն այս ու այն կողմ են վազում։ Խոսում են իրենց կերպարների մասին շեշտելով՝ չնայած իրենք են անկախության սերունդը, բայց այդ տարիների մասին միայն լսել են, չեն տեսել։ Ողջ ընթացքում ուղեկցող երաժշտական տարբեր լուծումները բեմադրությունը դարձնում են ամբողջական՝ հանդիսատեսին տեղափոխելով 1990-ականների Հայաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում