«Քեզ համար Բեյրութ»․ առցանց համերգ՝ նվիրված Լիբանանի հայությանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 168.am: Սեպտեմբերի 19-ին երեկոյան տեղի կունենա առցանց համերգ՝ նվիրված Լիբանանի հայությանը և սփյուռում սփռված հայությանը մեկ տեղում հավաքելուն։
Առցանց համերգը նախաձեռնել են Համազգային արևմտյան Ամերիկայի շրջանային վարչությունը և մի շարք արվեստագետներ։
Համերգի նպատակն է ոչ միայն նեցուկ կանգնել Լիբանանում տեղի ունեցած ողբերգության ժամանակ տուժածներին, այլև բարոյական նոր կորով ու լավատեսություն ներշնչել լիբանանահայերին, որոնք նյութական ու ֆիզիկական վնասներ կրելուց հետո, այս պահին ունեն լավատեսության կարիք, որպեսզի նորից արարեն ու ստեղծագործեն։
Համերգին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներում հաստատված սիրված արտիստներ՝ Ջիվան Գասպարյան, Հարութ Փամբուկչյան, Ռոզի Արմեն, Արա Գևորգյան, Անդրե, Էմմա Պետրոսյան, Արամո, Էմմի, «The Beautified Project», Վիգեն Ստեփանյան, «Արցախի Ձայնը», Եսայի Ալթունյան և այլք։
Համերգի ժամանակ առաջին անգամ եթեր կհեռարձակվի Մուշեղ Իշխանի խոսքերով «Հայի ոգին» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը լիբանանահայ բեմադրիչներ Հակոբ Տեր-Ղուկասյանի և Հրայր Գալեմքերյանի աշխատանքի շնորհիվ կունենա փոքրիկ բեմադրություն, որին կմասնակցեն բոլոր արտիստները։
Համերգը կվարի բեմադիչ Լեո Մոմճեանը։
Նշենք, որ համերգը կհեռարձակվի հետևյալ հասցեներով՝ horizonarmtv.com և yerkirmedia.am/hy/, նաև www.facebook.com/hamazkayinhartag/։
Հետևեք մեզ նաև Telegram-ում