Ընտրյալը նա է, ում Տերն է գովում
Նմանատիպ
«Քանի որ ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Սրանք և Աստվածաշունչ մատյանի յուրաքանչյուր այլ խոսք Սուրբ Հոգուց ծնունդ առած, Աստվածային անճառելի իմաստությունից բխած ճշմարտություն է, որ Հին Կտակարանում հնչում է աստվածակիր մարգարեների, իսկ Նորում՝ Սուրբ Հոգու անոթ դարձած առաքյալների շուրթերից:
Սուրբ Պողոս առաքյալը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է այս կարևոր թեմային. հիշո՞ւմ եք. «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6:14): Կարծում եք՝ այս հավատի հսկան, այս նախանձախնդիր առաքյալն ու իմաստուն ուսուցիչը, մարդկային տեսանկյունից դիտարկելու պարագայում, պարծենալու, իրեն գովաբանելու առիթ չի՞ ունեցել երբևէ: Նայե՛ք նրա անցած ճանապարհին, վերհիշե՛ք նրա դարձի սքանչելի պատմությունը, կարդացե՛ք առաքելական թղթերը, ի վերջո՝ հայացքներդ հառեք նրա մարտիրոսական մահվան կառափնարանին… Եթե կա մի մարդ, որ իրավունք ունի իրեն գովաբանելու, ապա Պողոս Առաքյալն իրավամբ առաջիններից մեկն է, որ կարող է հավակնել դրան, սակայն չի անում:
Գովեստ. որքա՜ն ժլատ ու սակավախոս ենք մենք այլոց գովելու հարցում և որքա՜ն շռայլ ու պերճախոս, երբ խոսքը մեր սիրելի, մեր պաշտելի անձի ու «ես»-ի մասին է: Այո, մենք սիրում ենք գովասանք լսել, սիրում ենք, երբ շոյվում ու մեծարվում է մեր «ես»-ը, սիրում ենք ուշադրության կենտրոնում լինել: Ուստի հաճախ հերթ էլ չենք տալիս, որպեսզի այլոք մեզ գովաբանեն, այլ ինքներս գիտակցաբար, թե անգիտակցորեն անդադար պարծենում ենք ու գովաբանում մեզ: Պարծենում ենք մեր արտաքինով, խելքով, առողջությամբ, տաղանդով, զավակներով, հաջողությամբ, նյութական միջոցներով, այսինքն՝ այն ամենով, ինչը մերը չէ, այլ Աստծու և միմիայն Աստծու պարգևն ու ողորմությունն է մեզ: Սակայն մենք դա չենք գիտակցում, չենք ուզում ընդունել, որովհետև հավատը մեր շուրթերին է միայն և ամբողջությամբ կառչած ենք այս աշխարհին՝ փուչն ու ժամանակավորը գերադասելով անփուտ հավիտենականից: Վարդան Արևելցի վարդապետը, 143-րդ սաղմոսի 3-րդ տողը մեկնելիս, մի ազդու սովորության մասին է պատմում, որ հռոմեացի թագավորներն ունեին: Նրանք մի զարմանալի բույսի սերմ ունեին, «որ կողովից վերցնում ու ցանում էին իրենց առջև գտնվող հողի մեջ, և մինչև հաց էին ուտում, այն ծլում էր, ծաղկում, թափվում ու սերմ տալիս՝ նրանց հիշեցնելով սնոտի կյանքի մասին, որպեսզի չվստահեն դրան»: Պատկերացնո՞ւմ եք, սիրելի՛ հավատացյալներ, հռոմեական հզոր կայսրության արքաները, անսահման տարածքների, անթիվ ու անհամար հարստության ու հպատակների տերերը մշտապես իրենց աչքի առջև էին պահում աշխարհի սին ու փուչ լինելը: Իսկ մենք չենք ուզում հավատալ ու ընդունել, որ միակ բանը, որ ունենք այս կյանքում, մեր իսկ մեղքերն են, որոնցով էլ ոչ մի խելամիտ մարդ հպարտանալ ու պարծենալ չի ուզում: Ուստի Աստծու պարգևներն ենք վերագրում մեզ, և հպարտությունը յուրաքանչյուրիս ականջներից ձգելով՝ բարձրացնո՜ւմ-բարձրացնո՜ւմ է փառքի, ճանաչման, հաջողության, հարստության մտացածին բարձունքները, որպեսզի մեր անկումն այնտեղից հնարավորինս դաժան ու ցավոտ լինի: Իսկ այլ կերպ չի էլ կարող լինել, սիրելինե՛ր, որովհետև հպարտությունը նախանձ ծնեց սատանայի հոգում ու լուսե հրեշտակի անկման պատճառը դարձավ: Նա էլ այդ օրվանից այն իր գլխավոր զենքը դարձրեց, որով և խոցում ու կործանում է իրեն այնքան ատելի մարդկային հոգիները:
Սուրբ հայրերի գրվածքներում մի այսպիսի խոսք կա. «Երբ զգում ես, որ լցվում ես հպարտությամբ, ապա իմացի՛ր, որ դա ուրիշներից ստացած գովեստների արդյունքն է», և Մխիթար Գոշը մի գեղեցիկ առակ ունի սրա մասին, որ կոչվում է «Սիրամարգը»: Սիրամարգն իր գեղեցկության համար անընդհատ գովեստներ էր լսում, և դրանցից ոգևորված՝ մի օր էլ որոշում է թագավոր դառնալ: Իմաստունները խրատում են նրան՝ բացատրելով, որ թագավոր լինելու համար իշխանական տոհմից պիտի սերի: Իսկ սիրամարգն, ակնկալիք փառքից կուրացած ու խլացած, նրանց չի լսում և անպատճառ ուզում է իր նպատակին հասնել: Թռչունների թագավորն էլ, լսելով նրա հանդգնության մասին, գալիս ու կոտորում է նրա ձագերին ու ողջ ընտանիքը: Մյուս թռչուններն էլ, հավանաբար հագուրդ տալով երկար ժամանակ իրենց սրտում բույն դրած նախանձին, պոկում են նրա թևերն ու փետուրները: Եվ գահի հավակնորդ սիրամարգը և՛ իր հավակնություններից է զրկվում, և՛ իր ձագերից, և՛ գեղեցկությունից: Ցավոտ ու տխուր, բայց իրականություն, որ համատարած հանդիպում է կրքերին գերի մարդու կյանքում:
Մենք անդադար փառք ենք փնտրում աշխարհում: Ամեն անգամ, երբ մեր խոսքը սկսում ենք. «Ես այս արեցի…», «Ես այսպես եմ անում…», «Ես սա ասացի…» խոսքերով, ամեն անգամ, երբ ինքնասիրահարված սելֆիներ, մեր այցելած վայրերի ու մեր կերած սնունդի նկարներն ենք հրապարակում սոցցանցերում, ի՞նչ ենք ուզում դրանով ասել. տեսե՛ք, թե ես ի՜նչ գեղեցիկ եմ, ի՜նչ խելացի, ի՜նչ հնարամիտ, ի՜նչ տաղանդավոր, հիացե՛ք ինձնով, մեծարե՛ք ու գովաբանե՛ք ինձ, որովհետև արժանի եմ դրան: Իսկ ժողովրդական խոսքն ասում է. «Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է՝ սերը լռում է»: Մտածե՛ք:
Դե իհարկե, սերը լռում է, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև սերը ինքնազոհաբերվող է, խոնարհ է, աստվածային է, ու Աստված սեր է, իսկ հպարտը միայն իրեն է սիրում, իրեն տեսնում և իրեն համարում Երկրի կենտրոնը: Իսկ Տերը Երեմիայի շուրթերով ասում է. «Թող իմաստունն իր իմաստությամբ չպարծենա, թող հզորն իր զորությամբ չպարծենա, և թող մեծն իր մեծությամբ չպարծենա, այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, թե ես եմ Տեր Աստվածը, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ» (Երեմիա 9:23-24): Տեր Հիսուս Քրիստոս էլ ասում է. «Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք առնում և չեք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս» (Հովհ. 5:44): Եվ այսօրվա մեր բնաբանում էլ Պողոս առաքյալն ասում է, որ նա է ընտրյալը, ում Աստված է գովում:
Իսկ ո՞ւմ է Աստված գովում, սիրելինե՛ր, և ինչպե՞ս: «Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է» (Մտթ. 7:21): Ուստի կարո՞ղ ենք ասել, որ այն մարդը, որն իսկապես Աստծով է ապրում, ամեն ջանք գործադրում է սեփական «ես»-ը հատելու և Աստծու սուրբ կամքը կատարելու, Նրա պատվիրաններով ապրելու և իր կյանքով Տիրոջը փառավորելու համար, կարժանանա Աստծու գովեստին: Կարո՛ղ ենք: Իսկ ինչպե՞ս կարժանանա: Երբ մարդիկ, խոնարհությամբ քողարկված նրա աստվածահաճո գործերը տեսնելով, փառավորեն Աստծուն, այնժամ, ըստ հայրերից մեկի՝ այդ փառքի շողքը նրա վրա կընկնի՝ մարդկանց շուրթերից հնչած գովեստի տեսքով, որը կջերմացնի սիրտն ու կքաջալերի՝ շարժիչ ուժ դառնալով հոգևոր առաջընթացի համար:
Որևէ բարիք ես գործել, սիրելի՛ հավատացյալ և քեզ շնորհակալությո՞ւն են հայտնում արարքիդ համար, առաքինություններդ հայտնի՞ են դարձել այլոց և մարդիկ գովաբանո՞ւմ են քեզ, փառքը Աստծո՛ւն տուր, որ քեզ իմաստուն միտք, ողորմած սիրտ ու գործելու միջոց տվեց և խոնարհաբար ընթացքդ շարունակիր: Ամեն անգամ, երբ ինքդ քեզ գովելու ցանկություն ունենաս, կա՛նգ առ ու երկնքին նայիր. ի՞նչ կարող ես անել, եթե հանկարծ մի ակնթարթում զրկվես մտավոր, ֆիզիկական ու նյութական բարիքներից, որ միայն Ամենակալի ողորմածությամբ ունես: Ուստի եթե փափագում ենք մի օր արժանանալ ամենբաղձալի գովեստին, որ Երկնային Արքայության մեջ հենց Տիրոջ սուրբ շուրթերից պիտի լսվի. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, ….մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» (Մտթ. 25:21), ապա հետևե՛նք Մեծն Բարսեղ Կեսարացու իմաստուն խրատին, որում ասվում է. «Ո՛չ վայելչական բարիքներն են հավիտենամնա, ո՛չ տրտմելի երևույթները՝ չափազանց «անանցանելի»: [Կյանքի] ճանապարհին քեզ որևէ բան չի պատկանում, դու չունես որևէ ունեցվածք, այլ պարտավոր ես միայն քո հստակ քայլերը կատարել այդ ճանապարհին՝ անշտապ ու ճշգրիտ քայլերով գնալով դեպի փրկություն». ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում