«Գութանը»՝ Տավուշում

«Գութանը»՝ Տավուշում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում։ Փառատոնի իրականացման մասին տեղեկացնում է փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանն այս տարի կմասնակցեն Հայաստանի լավագույն ազգագրական խմբերից 13-ը՝ Ակունք, Սասնա Ծռեր, Վան, Արդվին, Մասունք, Նուբար, Վերադարձ, Գորանի, Վարք Հայոց, Սեբաստացիներ, Մարաթուկ, Արեգ և Մարաթուկցիներ, ովքեր ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ – մեկ համայնք ձևաչափով, այնուհետև բոլոր խմբերը միասին ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը:

«Շուրջ 250 արտիստներ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես այս վերջին շրջանում, հուլիսյան իրադարձություններից հետո»,- ասում է Արսեն Գրիգորյանն ու ընդգծում, որ համավարակի պատճառով արտիստները, զրկված լինելով կենդանի համերգների և հաղորդակցության հնարավորությունից, ունեցան ստեղծագործական երկարատև դադար, և Գութանի շնորհիվ իրենց մեջ կուտակած ողջ սերն ու էներգիան կփոխանցեն սահմանապահ մեր տավուշցիներին:

«Գութանի միջոցով ուզում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել տավուշցիներին և մեր 3-րդ Բանակային Կորպուսի Քաջարի Զինվորներին, Զինվորականներին՝ մեր Հայրենիքի դարպասները ամուր և մեր երկինքը խաղաղ պահելու համար»,- ասում է Արսեն Գրիգորյանը։

Նա նշումլ է, որ «Գութանի» նպատակն է ազգային երգն ու պարը տարածել, ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին, նրանց փոխանցել մեր մշակութային հարուստ ժառանգությունը։ Ըստ նրա, փառատոնը բացառիկ է նաև իր հասանելիությամբ, բացօթյա է և անվճար, նախատեսված սոցիալական բոլոր խմբերի համար:

Փառատոնն իրականացվելու է նույն տեխնիկական ձևաչափով ու որակով, ինչպես անցած 6 տարիներին: Երևանից Բերդ կտեղափոխվի հզոր և ժամանակակից մեծ բեմ, գերհագեցած լուսային և ձայնային սարքավորումներ։ Ապահովվելու է ամբողջությամբ կենդանի հնչողություն և կատարումներ:

Փառատոնի ընթացքում կպահպանվեն համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում