«Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տոնում են մեր անկախ պետականության 29-ամյակը։ Մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող այս իրադարձության օրը նաև կարևոր հանձնառություններ ստանձնելու օր է։
Ցավոք, մեր հանրային ինստիտուտները դեռ շատ հեռու են ամուր պետականություն և լիարժեք ժողովրդավարություն կերտելու համար անհրաժեշտ վիճակից, և անհրաժեշտության ու իրականության միջև հեռավորությունը գնալով մեծանում է։ Այս կապակցությամբ հատկապես առաջնային է դատական համակարգի առողջացումն ու կայացումը, քանի որ (1) հանրության մեջ հստակորեն առկա է արդարության վճռական պահանջ, իսկ արդարության վերին ատյանը հենց անկախ դատարանն է, (2) դատավորների անկախությունը լուրջ հարցեր էր հարուցում դեռ նախքան 2018 թվականը, իսկ ներկայում՝ «վնգստալու» հայտնի հրապարակային հրավերից հետո, իրավիճակը շատ ավելի է վատացել, (3) դատավորները պաշտոնավարում են տասնամյակներով, և նրանց հնարավոր չէ փոխել ո՛չ հեղափոխություններով և ո՛չ էլ հերթական ու արտահերթ ընտրություններով:
Իրավիճակը շտկելու ամենաարդյունավետ ճանապարհը անհատականացված ու թիրախային մոտեցումն է՝ հանրային իրազեկվածություն ապահովելու և դրա հիման վրա հանրային ճնշում բանեցնելու ու իրավական գործիքակազմ կիրառելու միջոցով։ Ուստի AntiFake.am-ը սկսում է «Անիրավ դատավոր» հետաքննական նախաձեռնությունը, որի շրջանակներում հրապարակելու ենք իշխանությունների կամակատար «անիրավ դատավորների» մասին հանրությանը հետաքրքրող տեղեկություններ՝ սկսած կասկածելի ունեցվածքից ու բիզնեսներից, վերջացրած կախվածություն ստեղծող կապերով։ Նշված հրապարակումների հիման վրա ձևավորվելու է անիրավ դատավորների ցուցակ, որը կանվանակոչվի առավել աչքի ընկնող անիրավ դատավորներից մեկի պատվին։ Միևնույն ժամանակ, հրապարակումները թարգմանվելու և ուղարկվելու են շահառու միջազգային կառույցներին, ինչպես նաև դրանց հիման վրա նախաձեռնվելու են իրավական գործընթացներ։
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ներդրումն ունենալ անիրավ դատավորներին հանրության առջև մերկացնելու մեր նախաձեռնության մեջ։ Իրազեկե՛ք մեզ և մենք կիրազեկենք բոլորին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում