Նաիրի Զարյան․ Հայերեն

Նաիրի Զարյան․ Հայերեն

Ինչու՞ չես խոսում հայերեն.
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլքով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար…

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:

Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում