Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 15:30
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ տրամադրելու միջնորդության լուծումը մինչև սույն գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։
Դատարանը գտել է, որ դատավարության ներկա փուլում հնարավոր չէ անդրադառնալ մեղադրանքի հիմքում ընկած փաստերին և դրանց վերաբերող ապացույցներին, նախքան դրանց պատշաճ հետազոտելը դատավարության ընթացքում, և այս փուլում հնարավոր չէ գնահատական տալ պաշտպանների միջնորդության հիմքում ընկած փաստարկները։
Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս որոշմամբ դատարանը զրկում է պաշտպանական կողմին գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից։
«Եթե դատարանը հիմա վերջնական որոշում կայացներ և պահանջեր այդ նյութերը, ապա մինչ առկա նյութերի և դատակաչված անձանց ցուցմունքերի հետազոտման ավարտը, մենք հասցրած կինեինք ծանոթանալ գործի բոլոր նյութերին։ Իսկ միջնորդության լուծման հետաձգումը նշանակում է, որ եթե դատարանը բավարարի միջնորդությունը այդ փուլում, ապա դատարանն ստիպված է լինելու մեզ մի քանի ամիս կամ նույնիսկ մի տարի ժամանակ տալ դրանց ծանոթանալու համար», – ասաց Ալումյանը։
Բացի այդ, կարող է անհրաժեշտություն առաջանալ դատակոչված անձանց կրկին հրավիրել դատարան հարցաքննության։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը փաստեց, որ մինչ այս պահը ներկայացված պաշտպանական իրավունքի իրացման և արդար դատաքննության վերաբերյալ բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է։
Նշենք, որ մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջական ծավալով պահանջել է նաև տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը։
13։30
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը մարտի 1-ի մայր գործի նյութերն իրենց ամբողջությամբ տրամադրելու վերաբերյալ։ Մասնավորապես, պաշտպանները պահանջել են գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։
Պաշտպանները հայտնել են, որ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ․ Քոչարյանի դեմ։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։
Նմանատիպ միջնորդություն ներկայացրել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Այս պահին դիրքորոշում է հայտնում մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ Ըստ նրա, պաշտպանական կողմը զրկված չէ ապացույցներ պահանջելու հնարավորությունից, իսկ կողմերի մրցակցության սկզբունքը չի խախտվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում