Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am.am: Այս յուրահատուկ ու սպասված օրը Մոցարտյան կատարյալ երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ՝ զուգակցվելով ուրբանիստական ոճի գեղանկարների ցուցահանդեսով: «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն կկայանա սեպտեմբերի 23-ին՝ 19։30-ին, LOFT ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի բակում:
Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա), Արամ Ասատրյանի (ջութակ), Մերի Դոլմազյանի (ալտ) և Վահե Դանիելյանի (թավջութակ) կատարմամբ կհնչեն Մոցարտի դո մաժոր, ռե մաժոր և լա մաժոր կվարտետները, ինչպես նաև կցուցադրվեն նկարիչ Արթուր Հովհաննիսյանի «Forms and reflections» գեղանկարչական շարքի աշխատանքները։
Համերգի ջութակահար Արամ Ասատրյանը, ով ՀԱՖՆ առաջին ջութակների խմբի կոնցերտմայստերն է, ծրագրի ընտրության հետ կապված նշում է. ‹‹Մոցարտը հանճարեղության մարմնացում է, եթե ինձ ասեն պատկերացրու Աստծու կողմից ստեղծված կատարյալ մի բան, դա կլինի Մոցարտը՝ իր ստեղծագործություններով, ապրած կյանքով և իր անհատականությամբ: Նա և՛ ակադեմիական է, և՛ ժամանակակից: Մոցարտը պարտադիր երևույթ է մարդու հոգու գոյության համար, դա իմ երաժշտությունն է: Իսկ մեր հանդիսատեսի հետ հանդիպմանը շատ երկար ենք սպասել, վստահ եմ՝ նրանք նույնպես: Հանդիսատեսն ուղղակի մարդիկ չեն, որ նստած են դահլիճում, հատկապես այս ձևաչափի մեջ, երբ տարածքը համեմատաբար փոքր է և հանդիսատեսը՝ քիչ, նրանք կարծես դառնում են այդ փոքրիկ արարման մասնակիցները: Ինձ հետաքրքիր է նվագելու ժամանակ որսալ նրանց արձագանքները, տեսնել աչքերի արտահայտությունը՝ արդյո՞ք այն ինչ նվագում եմ դիպչում է նրանց սրտին: Ես տարիներ առաջ Ֆրանսիայում նվագել եմ այս ձևաչափով համերգներ և տպավորություններն ուղղակի անմոռանալի էին»:
Ֆլեյտահար Նարեկ Ավագյանը (ՀԱՖՆ ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր) հավելում է, որ Մոցարտը միակ կոմպոզիտորն է, ով կվարտետներ է գրել ֆլեյտայի և լարայինների համար։ Վերջիններիս կատարումը համերգը դարձնում է ավելի բացառիկ, քանի որ նման կազմով երաժիշտները հավաքվում են միայն այս կվարտետները նվագելու համար և միայն շատ հատուկ առիթների ժամանակ։ Արտակարգ դրությունից հետո առաջին կենդանի կամերային համերգն արժանի առիթ է, որպեսզի հնչեն այս երեք նրբագեղ, հանճարեղ, բովանդակալից արվեստի գլուխգործոցները։ Հանդիսատեսի հետ հանդիպումը շատ սպասված է. ‹‹Լինելով ինտրովերտ՝ ինձ համար հաճելի է փակվել տանը և շփվել միայն գրքերի, երաժշտության հետ, աշխատել սեփական կատարողական արվեստի վրա, մտածել այդ մասին։ Բայց երբ այդ բաժակը չափից շատ է լցվում պետք է այդ ողջ զտված էներգիան սփռել, անհնար է այն երկար մեջդ պահել։ Դրա համար մեծ կարիք եմ զգում կենդանի համերգ նվագելու և այդ ամբողջ էներգիայով ունկնդրի հետ կիսվելու։ Մեծ հուզմունքով եմ սպասում համերգի օրվան, քանի որ նվագելու ենք այն երաժշտությունը, որը մեր կյանքի իմաստն է հանդիսանում և որի համար մենք ընտրել ենք այս մասնագիտությունը»:
Գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյան. «Շատ ուրախ եմ, որ մշակութային կյանքն աստիճանաբար վերակենդանանում է: Ինձ համար Լոֆթի հետ աշխատելը միշտ հաճելի է, իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը՝ պատվաբեր: Կարծում եմ, որ միջոցառումը հետաքրքիր արդյունք կունենա և դրական հույզեր կպարգևի բոլոր ներկաներին»:
Համերգի ժամանակ կպահպանվեն հակահամաճարակայի բոլոր պայմանները, տեղերը խիստ սահմանափակ են: