Yerevan
16
+33°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Արցախի անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունը արդեն Հայաստանում է

Հայաստանում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանական յոթ հոգանոց պատվիրակությունը’ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: Պատվիրակության կազմում են Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտի հեղինակ Ֆրեդերիկ Նայլը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող նախագծի հեղինակ Մարի Ֆիքարան և իրենց հայանպաստ գործունեությամբ հայտնի այլ խորհրդարանականներ: «Այցի հիմնական նպա տակն է, որ հայկական հարցի լուծման գործում մեծ ավանդ ունեցող այս պատգամավորներն իրենց աչքով տեսնեն Հայաստանը, ծանոթանան հայկական բազմադարյա մշակույթին և պատմությանը և հետ վերադառնալով’ ավելի մեծ ոգևորությամբ շարունակեն իրենց հայանպաստ գործունեությունն Ավստրալիայում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Հուլիսի 12-ին ժամանած ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունը Հայաստանում կմնա յոթ օր: Ծրագրված են բարձր մակարդակի հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Կքննարկվեն Հայաստանի և Ավստրալիայի միջև հետագա համագործակցության ամրապնդման հարցեր: Վաչե Ղահրամանյանը հույս հայտնեց, որ հանդիպումները կխթանեն հայ-ավստրալական տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի խորացմանը և հետագա համագործակցությանը երկու երկրնե րի միջև:

Այս տարվա մայիսին Ավստրալիայում հեռարձակվող SBS ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՆՀՈՒ խորհրդարանի Օրենսդիր խորհրդի պատգամավոր Ֆրեդ Նայլն’ անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին’ նշել էր, որ «շատ ոգևորված է և հույս ունի ջերմ ընդունելության արժանանալ»:

Ավստրալիայի ամենամեծ’ Նոր Հարավային Ուելս նահանգը 1997թ. ապրիլի 17-ին ընդունված բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները’ որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Իսկ 2013 թվականի մայիսի 1-ին և հունիս 8-ին խորհրդարանի համապատասխանաբար վերին և ստորին պալատներն ընդունել են Ասորիների և հույների ցեղասպանությունները ճանաչող ու Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտեր:

Իսկ անցած տարի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհուրդը ընդունեց բանաձեւ, որով «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ 20 տարի առաջ հարստահարիչ Ադրբեջանից անկախություն հռչակած նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում