Ֆարերյան թիմը ջախջախեց Թբիլիսիի Դինամոյին, Միլանն ու Տոտենհեմը շարունակում են պայքարը․ ԵԼ-ի 3-րդ որակավորման փուլի ամփոփում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Դե ինչ, Եվրոպա Լիգայի 2019/20 մրցաշրջանի որակավորման 3-րդ փուլն արդեն պատմություն է, սակայն այս փուլում տեղի ունեցան մի քանի ուշագրավ իրադարձություններ, որոնց կցանկանայի անդրադառնալ այսօր։
Նախ, մեր չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Անվանել դա մեծ անակնկալ, չեմ համարձակվի, քանի որ ինքս հավատում էի մեր թիմի հաջողությանը։ Խաղի մանրամասները՝ այստեղ։
Անակնկալ չէին նաև «Միլանի», «Վոլֆսբուրգի», «Գրանադայի» և «Տոտենհեմի» հաղթանակները։ Վերջիններիս կազմում կրկին աչքի ընկան Սոնը և Քեյնը, պարզապես այս անգամ մրցակիցը ԱՊԼ-ի ներկայացուցիչ չէր, այլ համեստ մակեդոնական ակումբ՝ «Սկենդիժան»։ Մի փոքր անակնկալ էր թոփ-5 լիգաների մյուս ներկայացուցչի՝ «Ռեյմսի» դուրս մնալը հետագա պայքարից, որը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջեց հունգարական «Ֆեհերվարին»։
Իսկ թե որ հանդիպումները կարելի է դասել անակնկալների շարքին, առաջին հերթին աչքի է ընկնում Ֆարերյան Կղզիների ներկայացուցիչ ԿԻ ակումբի սենսացիոն հաղթանակը «Դինամո Թբիլիսիի» նկատմամբ։ Այստեղ սենսացիան կղզիաբնակների հաղթանակը չէ, այլ հանդիպման հաշիվը՝ 6-1։ Այս տուրի ևս մեկ խաղում գրանցվեց 7 գոլ, միայն թե բոլոր գոլերը խփեցին մեկ թիմի ֆուտբոլիստներ․ ավստրիական ԼԱՍԿ-ը պարզապես չնկատեց Սլովակիան ներկայացնող ԴԱԿ ակումբին՝ 7-0։
Ինչ-որ տեղ անակնկալ էր «Ռոստովի» պարտությունը։ Խորեն Բայրամյանի թիմը սեփական հարկի տակ զիջեց իսրայելական «Մակքաբի Հայֆային» (1-2): Ընդհանրապես, ռուսական թիմերի վրա ասես «անեծք» դրված լինի ԵԼ որակավորման փուլի խաղերում։ Գրեթե ամեն մրցաշրջանում, առաջին հայացքից ֆավորիտ թվացող ռուսական ակումբները, զիջում են, այսպես ասած, ոչ ֆուտբոլաին էլիտա համարվող առաջնությունների ներկայացուցիչներին։ Հեռուն չգնանք․ նախորդ՝ 2-րդ փուլում էլ Մոսկվայի «Դինամոն» զիջել էր Թբիլիսիի «Լոկոմոտիվին»։
Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսը» հյուրընկալվել էր շվեյցարական «Բազելին» ու պարտություն կրեց 2-3 հաշվով: Հաշիվն անակնկալ չէր, շվեյցարական թիմի հաղթանակը՝ սպասելի։ Մեզ համար այս խաղում «ցավալի» կարելի է համարել միայն այն փաստը, որ 21-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
Անհաջող էր նիդերլանդական «Վիլհեմ II»-ի մեկնարկը եվրագավաթներում․ սեփական հարկի տակ Արաս Օզբիլիսի նախկին թիմը 4 գնդակ ընդունեց սեփական դարպասը Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսից»՝ չկարողանալով խփել գոնե հեղինակության գնդակ։
Նախորդ անգամ նշել էինք, որ եվրագավաթներում այլևս ներկայացուցիչներ չունեն նաև Ղազախստանը, Իսլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Լիխտեյնշտեյնը, Անդորրան, Ջիբրալթարը և Սան Մարինոն: Այս փուլից հետո վերը նշվածներին կմիանան նաև Սլովենիան, Վրաստանը, Մալթան, Լատվիան, Լիտվան, Կոսովոն, Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան,Մոլդովան։
Որակավորման երրորդ փուլի արդյունքներով փլեյ օֆֆ փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները․
Որակավորման 3-րդ փուլի բոլոր հանդիպումների արդյունքները` այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում