Թուրքիայի Սիվաս գավառում հայկական գերեզմանից մնացել է միայն մեկ տապանաքար

Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ակոս»-ում հրապարակված իր հոդվածում գրել է Զաքարյա Միդանօղլուն, ով ԱՄՆ-ից եկած հայերի հետ այցելել էր այս տարածքներ: ««Հայկական ճարտարապետական և ինժեներական նախաձեռնություն» ընկերության կողմից կազմակերպված չորսօրյա ճանապարհորդության ժամանակ շուրջ 40 հոգի էինք: Մեզ հետ էին նաև ԱՄՆ-ից և Հունաստանից հյուրեր:

Մասնակիցներից մեկը, կտրվելով մեր խիտ գրաֆիկից, ասաց, որ ցանկանում է այցելել իր հայրենիք’ Զարա: Չնայած, որ ունեինք հստակ օրակարգ, սակայն որոշեցինք նրան և կնոջը միայնակ չթողնել և միասին գնացինք: Սակայն այս այցի ժամանակ շատ ցավոտ իրադարձության ականատես եղանք»,- պատմում է Միդանօղլուն: Նա պատմում է, որ խմբում որոշում են այցելել միայն հայկական գերեզմանատուն և աղոթել այնտեղ, քանի որ հայկական թաղամասում շրջելը երկար ժամանակ կխլեր:

«Հասնելով այնտեղ ականատ ես եղանք սարսափելի տեսարանի: Գերեզմանոցի մեծ մասը քանդված էր և շրջակայքում երևում էին մարդկային կմախքի հատվածներ’ սրունքոսկրեր, բազուկոսկրեր և գանգեր: Բավական չէ, որ ավերել էին շրջակայքի հայկական տները, դեռ մի բան էլ ավելի’ շրջապատի ազատ տարածությունը թողած ճանապարհի շինարարության համար քանդել էին գերեզմանը: Գերեզմանոցի տարածքում միայն մեկ տապանաքար կար, որի վրա գրված էր. «Սահակ Դեմիրջի. ծնված 1891-ին, մահացած 1959-ին»»,- գրում է Զաքարյա Միդանօղլուն:

Տեսնելով այս ամենը’ ԱՄՆ-ից եկած հայը, ում նախնիներն այս տարածքից են եղել, իր զարմանք է հայտնել կատարվածի առնչությամբ և հետևյալ հարցադրումն արել. «Թուրքական կառավարությունը մեզ կոչ է անում վերադառնալ հետ:

Մեզ այսպե՞ս են դիմավորելու»:Հոդվածագիրը նշում է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում թուրքական մամուլում խոսվող դեպքերը’ Մալքարայի հայկական գերեզմանատունը գինետան վերածելը, Մուշի հայկական թաղամասը պետական որոշմամբ քանդելը, դրանից հետո «Սանասարյան հան» կոչվող հայկական շինությունը վարձակալության հանձնելը խոսում են այն մասին, որ երկրի կառավարությունը, նահանգապետարաններն ու քաղաքապետարանները, Հուշարձանների պաշտպանության կոմիտեն բացահայտ հանցանք են գործում:

«Այս բոլոր գործողությունների նպատակը մեկն է’ ջնջել հայերի վերջին հետքերը: Արդեն 2013 թվականն է: Զարայում թալանված հայկական գերեզմանատունը անցել է պատմության գիրկը: Սակայն ոսկորներն ու հոգիները դեռևս հանգիստ չունեն»,- գրում է Միդանօղլուն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում