«Կանթեղն անտառում՝ Հաղարծին»
Նմանատիպ
ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ԿԱՆԽՈՐՈՇԵՑ ՇԱՏ ԲԱՆ
Հայաստանի նկարիչների միության հետ երկար տարիների համագործակցությունը հայ մշակույթի նվիրյալ, հրապարակագիր ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ժամանակին բերեց գեղարվեստի հանդես հիմնելու գաղափարին։ Չարչարանքին ապաշխարանք եղավ «Կերպարվեստ կենտրոնը», սակայն խնդիրը միայն ամսագիրը երկնելը չէր։ Այն ընդամենը մեծ ճանապարհի սկիզբն էր մի պարզ հավաստմամբ՝ շատ ավելի դժվարը հղացածի շարունակականությունն ապահովելն է։ Ի դեմս ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ու ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` «Իրատեսի» հովանավոր աջով բարեբախտաբար հայտնվեցին գաղափարակիցներ, որոնց համար ոչ պակաս թանկ էր հայ մշակույթն ու արվեստը հանրության ավելի լայն շերտերի սեփականությունը դարձնելը։
Առ մշակույթն ունեցած սույն ամուսնական զույգի նախանձախնդիր վերաբերմունքի արդյունքում Վրեժ Առաքելյանի ջանքերը շուտով շատ ավելի առարկայնացան։ Կարճ միջոցում «Կերպարվեստ կենտրոն» ամսագիրը փոխակերպվեց «Ռոսլին» արվեստի հանդեսի՝ հընթացս ճանապարհ բացելով նորանոր մտահղացումների, գաղափարների։ Հետաքրքրական է, որ դրանք միակողմ ընթացքի չէին։ Մասնավորապես «Հայ կերպարվեստի մեկենաս», պատվո ատյանի անդամներ (պատվանունի հղացումը Վրեժ Առաքելյանինն է) Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան զույգի առաջարկն էր «70 ճանապարհ՝ դեպի Տաճար» խորհրդանշական վերտառությունը կրող գաղափարը՝ ներառյալ Արցախ աշխարհը. ընտրվում է հայաստանյան տասը տարածաշրջան, դրանցից յուրաքանչյուր գործուղվում է յոթական նկարիչ՝ ամեն մեկին երկու կտավ երկնելու առաջարկով։ Ստեղծագործողների հայեցողությամբ աշխատանքներից մեկը մնում է նրանց սեփականություն, մյուսը ներառվում է ընդհանրական «պահուստ»։ Ծրագրված պլեներների հանրագումարում նախաձեռնության հեղինակներն արդեն իսկ 2021-ի համար ունենում են 70 ստեղծագործողի մտամբ ու ձեռամբ ստեղծված նույնքան կտավ (յուրաքանյուր պլեներ ենթադրում է ստեղծագործողների նոր կազմ), որոնք մեկտեղվելու են մեկ ցուցահանդեսում՝ Հայաստան աշխարհը ներկայացնելով բնաշխարհի ու պատմամշակութային ժառանգության հնարավոր բազմադեմությամբ, ոգեղենությամբ, հոգևոր նկարագրով, արժեհամակարգային ցուցիչներով՝ դառնալով յուրօրինակ ընթերցարան, խոնարհում-խնկարկում հայրենի եզերքի։
Այդ պլեներների ևս մի քանի յուրահատկությունների մասին։
Դրանք հղացված են ոչ միայն որպես մեկ ընդհանրական ցուցահանդեսի «հումք» ու հենք։ Քավ լիցի, հեղինակները շատ ավելի լայնախոհ են եղել նախատեսածում. ունեցել են արվեստանոցի նեղ պատերից ստեղծագործողներին ևս մեկ պատեհ առիթով «դուրս» բերելու, բնության գիրկ տանելու, նրա ու, ինչու ոչ, նաև իրար հետ առնչվելու և առերեսվելու, ինչ-որ առումով ստեղծագործողների հանգիստը կազմակերպելու խնդիր ու, պիտի ասել, հաջողել են։
Այս պլեները մեկենասների ցանկությամբ գումարվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ներկայացուցիչներ Հայաստանի ժողովրդական նկարիչներ Փարավոն Միրզոյանի, Արամ Իսաբեկյանի, նկարիչներ Ավետիք Ավետիսյանի, Ղազար Ղազարյանի, Գարիկ Մանուկյանի, Սուրեն Սաֆարյանի և Մեխակ Էլբակյանի մասնակցությամբ, արվեստաբաններ Քրիստինե Սարգսյանի, Սիլվիա Մանուչարյանի լուսաբանմամբ: Պլեները երկրորդն էր, կրում էր «Կանթեղն անտառում՝ Հաղարծին» խորագիրը։ Առաջինը եղել էր մեկ ամիս առաջ, Սյունյաց աշխարհում՝ փառահեղ Տաթև վանական համալիր կենտրոնով ու հարակից բնաշխարհով։ Ի դեպ՝ հենց Տաթև հոգևոր կենտրոնն էլ պայմանավորել էր առաջին պլեների խորագիրը՝ «Սյունյաց զարդը. Տաթև»։
Սակայն, որպես արդեն իսկ կայացած իրողություն, Տաթևում եղած պլեները թողնենք հանգիստ, գանք դիլիջանյան ոչ պակաս հրաշք բնաշխարհով Հաղարծին, որտեղ մեկտեղված են նախաստեղծ աշխարհն ու մարդու արարչագործության ծնունդ Հաղարծին վանական համալիրը։ Այստեղ թերևս իմաստ էլ չունի հիշեցնել, թե իր առանձին կամ ընդհանրական ընկալման մեջ նկարիչների քանի-քանի սերնդի ոգեշնչման աղբյուր են եղել դիլիջանյան բնաշխարհն ու նրա քարեղեն համանվագ Հաղարծինը և դեռ քանի-քանի սերնդի ոգեշնչման աղբյուր են լինելու։ Շատ ավելի կարևորն այն է, որ իր բազմաթիվ անդրադարձների մեջ երբեք և ոչ մեկում այն չի կրկնվել ու կրկնվելու, քանզի յուրաքանչյուր ստեղծագործող բերել ու բերելու է տեսածի, զգացածի, ապրածի ի՛ր ընթերցումը, գույնի, լույսի, իրականության, պատկերի խորքի ի՛ր ընկալումը, դրած վրձնահարվածի ու սեփական սրտի բաբախի ի՛ր ներդաշնակումը։
ՆՍՏԵԼ ԵՆՔ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԻ
Երեկո է։ Տեղ ենք հասել, նստել մի կտոր հացի։
Նստել ասվածը շատ քիչ է եղածի խորքը մեկնելու, ընթերցողին հնարավորինս ամբողջական հասցնելու համար։ Հասարակներիս թողնելով մի կողմ՝ սա նկարիչներով մեկտեղված սեղան է այդ նույն նկարիչների մի շատ կարևոր առանձնացումով։ Ի դեմս Փարավոն Միրզոյանի ու Արամ Իսաբեկյանի, սեղանին երկու… քուրմ կա։ Քուրմ՝ ոչ միայն վաստակի կշռով (հիշենք նրանց ունեցած ժողովրդականի կոչումը), այլև տարիների ընթացքում դարսդարսված իմացությամբ պայմանավորված խորքային ընկալումներով։
…Նստել ենք մի կտոր հացի… Իրականում նստել ենք իմաստասացության մի հրաշալի դասի, որին մասնակից լինելու երջանկությունը պիտի ունենալ, ու ավելի քան ուզում ես այս փառահեղ նախաձեռնության հեղինակներին ասել. «Երկար արև ձեզ ձեր հղացումներում, որ այսքան փորձի ու իմաստնության կողքին այսքան ջահել, վարար արյուն եք կարողացել բերել՝ դառնալով հեղինակը մի նախաձեռնության, որը լինելու է հայրենիքի մի նոր ընթերցում, որտեղ մարդաստեղծ կառույցը, կոթողն ու արարչաստեղծ բնությունն ունենալու են տարբեր գունային հանդերձ, խորք, միտք ու բովանդակություն, քանզի Արարիչը, որ իր բեռը փոքր-ինչ թեթևացնելու միտումով այս մարդկանց մեջ դրել է իր ստեղծածի, հղացածի փոխանցողի գործառույթների մի մասը, նրանցից յուրաքանչյուրին ստեղծել է իրենց բազմադեմության, ընկալման խորքայնության մեջ»։
ԹՎՈՒՄ Է՝ ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
Առավոտ է։ Արևն արդեն ինչ-որ տեղ մի փոքր էլ զայրացած վրայիցս քաշում, դեն է շպրտում վերմակը՝ հասկացնելով՝ գեներալի լավագույն կես չես, որ արթնանաս ուզածդ ժամին։ Հագնվում, ներքև եմ իջնում։ Իրար կողքի դիրքավորվել են միանգամից երեք հոգի՝ Արամ Իսաբեկյանը, Ավետիք Ավետիսյանը, Գարիկ Մանուկյանը։ Առաջին երկուսի կտավում Հաղարծինի վանական համալիրն է` ծառերն ու առհասարակ կանաչ զանգվածը հետ տարած խոշոր վրձնահարվածներով, ու ապշում ես. նույն դիրքից, նույն դիտանկյունից որտեղի՞ց այսքան իրարից տարբեր դիտված բաներ՝ նրբերանգների այսքան տարբեր բոցկլտումով։ Ինչ վերաբերում է երրորդին, տեսածը հեռու հեռվից եկեղեցու գլխին հարաբերականորեն կախված ժայռի բեկվածություն է, իր հերթին ժայռի գլխին եղած ամպի հովանիով, որ ամեն վայրկյան շարժի մեջ է։
Հայացքս եռյակից փոքր-ինչ այս կողմ եմ թեքում ու տեսնում, որ նկարակալի առաջ պատշգամբում կանգնած, աշխարհի ընկալման խոհերի մեջ է Փարավոն Միրզոյանը՝ հանգիստ, կոշտ ու կուռ իր ժայռեղենությամբ, աշխարհին ուղղված իր ինքնատիպ հայացքով։
Սուրեն Սաֆարյանին տեսած չլինելու տագնապ չունեմ, քանզի դեռևս նախորդ օրն եմ նկատել, թե ինչպես հեռախոսի տեսախցիկին ի պահ է հանձնել իրեն դուր եկած տեսարանների շարք, որոնք հավանաբար հետո պիտի հանձնի կտավին՝ նյութը վերջնականապես մարսելուց, իրենով անելուց հետո։ Սակայն պարզվում է՝ ինքս եմ յոթնուկ իմ մտածումներում. մարդն առավոտ կանուխ ելել, ուզածն արել, վերջացրել է, հիմա էլ տրվել է հարաբերական հանգստին՝ ստեղծագործող մարդուն շնորհված բնազդով աչքի ծայրով փորձելով որսալ թաքնված նորանոր տեսարաններ, գույների նորանոր խաղեր։
Շարունակում եմ որոնումներս ու լսում, որ քիչ ներքևում տարօրինակ տեսարանի են ականատես եղել՝ձորում արջ է երևացել՝ նկարակալով։ «Արջ» տեսածները, որ խոսելիս առնվազն մի քանի տեղից կոտրատվող, ուշադրություն հրավիրելու համար ջանացող աղջիկներից են, իրականում մեր Մեխակ Էլբակյանին են տեսել, որը դեմքով, դիմագծերով, ներդաշնակ զարգացած մարմնով ի՜նչ արջ, մի կատարյալ Դավիթ է՝ իսկ և իսկ պատկերը տեղում կտավին հանձնելու տիպար, որի բազուկի հաստությունը միանգամից զարհուրի մեջ կարող է գցել շատերին։ Մեխակի մոտ իջնել չի լինի, որովհետև ձորում միայն իրեն տեսանելի դիտանկյունով մի տեղ է գտել, որտեղ հայտնվելու համար առնվազն լուսան պիտի լինես։ «Ոչինչ, -մտածում եմ, -թող հանգիստ նկարի, վերջը հո՞ գալու է հյուրանոց, ձեռներիցս ուր պիտի պրծնի։ Համ էլ այդ ո՞ր մի ստեղծագործողի երազանքը չէ ստեղծածը հանուրի դատին հասցնելը»։
Մի խոսքով՝ շտապելու բան չունենք, օրն էլ, փա՜ռք Աստծո, դեմներս է։
Մեր յոթերորդ նկարիչը Ղազար Ղազարյանն է, իր արտաքին ու ներքին նկարագրի մեջ համեստ, զուսպ, ինտելիգենտ պահվածքով մարդ, որի ստեղծագործությանն առնչվելու պատիվը նախկինում չեմ ունեցել, սակայն դատելով գործընկերների արձագանքից, իր յուրահատուկ աշխարհը, իր սեփական գույնը, հստակ ընդգծված ասելիքն ունեցող արվեստագետ է։ Ի դեմս այս պլեների, ուրախ եմ, որ ոչ հեռավոր ապագայում նրան մոտիկից ճանաչելու հնարավորությունն ունենալու եմ, քանի որ ամեն մեկի հետ այս միջացառման շրջանակներից դուրս հանդիպելու մտադրությունն ունեմ, որոնք բնականաբար դառնալու են նրանցից յուրաքանչյուրի` թե որպես մարդու, թե որպես քաղաքացու, թե որպես արվեստագետի յուրօրինակ ընթերցում։
ԿՈՃՂԻ ՄԵՋ ԵՂԱԾ ՀՐԵՇԸ
Պլեների երկրորդ օրվա երկրորդ երեկոն է։ Ժողովվել ենք խարույկի շուրջը։ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը գնում է մանկություն, հիշում, որ այսպես կրակի շուրջը հավաքվում էին մեկ էլ պիոներական ճամբարում՝ չմոռանալով կրակի մեջ Ավետիք Ավետիսյանի գցած կողճի մեջ այրվող հրեշի գլուխը տեսնել, աչքերի պեծկլտումը։ Վառվող կոճղը դառնում է մի հսկայական թեմա՝ յուրաքանչյուրի կողմից ավելացվող մանրամասներով, ու աչքիդ առաջ վերածվում բառերով հյուսվող կտավի, որի մեջ գույներ, երանգներ, պատկերներ ես փորձում տեսնել և դու, ում Աստված գույնի այս նույն զգացողությունը ցավոք չի տվել, որ ունեն այս մարդիկ, ու դրա համար աշխարհը փորձում ես տեսնել նրանց աչքերով։ Դե ինչ, սա էլ է բարեբախտություն։
Սակայն վերջակետ դնելուց առաջ չեմ կարող «Նարեկ» ամենագրքից զատ, որ տեր և տիկին Գրիգոր Մովսիսյանի ու Նաիրա Կարապետյանի նվերն է մեր ստեղծագործողներին, չհիշատակել և ծրարներով յուրաքանչյուրին արված present-ը, որը գուցե և մատից փուշ հանող բան չէ (չեմ հաշվել, որ հաստատապես ասեմ), բայց բոլոր դեպքերում ուշադրության դրսևորում է առ ստեղծագործող մարդը։
Սակայն ամենախոշոր present-նվերը, ավելի քան համոզված եմ, Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան զույգի ուժերով ու Վրեժ Առաքելյանի ջանադրությամբ իրականություն դարձած այս պլեներն էր, այս մարդկանց մի տեղ ժողովելը, բնության գիրկ տանելը, իրար հետ հաղորդակցվելու հնարավորությունն ընձեռելը, որովհետև արվեստանոցը որքան էլ հրաշալի բան է, ու յուրաքանչյուր երկունքի պես կտավն էլ իրականություն դառնում է առանձնության մեջ, սակայն ցանկացած բան, մինչև կոնկրետացված մտքի, գաղափարի վերածվելը, պետք է ո՛չ միայն ինքդ քեզ հետ ունեցած զրույցի արդյունք լինի։ Ի վերջո, եթե քո ներքին զրույցի հասցեատերը դառնալու է հասարակությունը, այդ զրույցները պիտի խմորվեն նաև քեզնից դուրս, քեզ շրջապատողների հետ ունեցած շփումներում։
Այնպես որ եղածի հստակ ընկալումով էլ փակենք տեր և տիկին Գրիգոր Մովսիսյանի ու Նաիրա Կարապետյանի նախաձեռնության այս էջն ու սպասենք հաջորդ պլեներին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում