Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները»
Նմանատիպ
– Հա՛յր, ատամս ցավում է:
– Մի փոքր ցավը օգտակար է քեզ համար: Մի տերողորմյա աղոթիր սուրբ Անտիպասին, ով օգնում է ատամնացավի ժամանակ, և ամեն ինչ կանցնի:
– Աղոթել եմ, հա՛յր, բայց ոչինչ էլ չի անցել:
– Երևում է՝ ինչ-որ բան այն չէ: Եթե դու նրան ասես. «Այսօրվանից ես ավելի ուշադիր կլինեմ ամեն ինչում»,- ապա սուրբն իսկույն ևեթ կօգնի: Սուրբ Անտիպասը մեծ սուրբ է: Նա Աստծուն գոհացրել է: «Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ»(1),- ասվում է Հայտնության գրքում(2):
– Հա՛յր, սուրբ Վարվառայի կանոնում ասվում է, որ նա բուժում է ինֆեկցիոն հիվանդությունները:
– Ինֆեկցիոն հիվանդությունն ի՞նչ է:
– Այն հիվանդություններն են, որ միկրոբների միջոցով են փոխանցվում:
– Ուրեմն սուրբ Վարվառային խնդրեք, որպեսզի ձեր մեջ նախանձի միկրոբը չտարածվի: Սուրբ Վարվառայի կանոնը պատճենիր ու բաժանիր քույրերին:
– Սուրբ Վարվառան նաև հրետանու հովանավորն է, հա՛յր:
– Լավ է, մի սուրբը կարող է բոլոր հնազանդություններն ինքն անել:
– Իսկ սուրբ Իրինան ժանդարմերիայի հովանավորն է:
– Ուրեմն, երբ սրտումդ խաղաղություն չկա, սուրբ Իրինային, որը ժանդարմերիայի հրամանատարն է(3) և ամենուրեք խաղաղություն է հաստատում, խնդրիր, որպեսզի հոգուդ խաղաղություն բերի:
– Հա՛յր, ես հաճախ եմ իրերս կորցնում և շատ ժամանակ վատնում դրանք գտնելու համար:
– Ինչո՞ւ սուրբ Մինասին չես աղոթում, չէ՞ որ դա է նրա մասնագիտացումը: Սուրբ Մինասն իսկույն ևեթ ի հայտ է բերում կորածը, և նա ամենևին պահանջկոտ չէ: Երբ ես համակեցական մենաստանում էի ապրում(4), մի անգամ խցի բանալին կորցրի. այն ժամանակ խցերը կողպում էինք, որովհետև աշխարհիկ շատ մարդիկ էին գալիս մենաստան: «Ոչինչ,- մտածեցի,- գնամ հյուսնոց»: Նայում եմ՝ հյուսնոցի բանալին էլ չկա: Պատրաստվեցի արհեստանոց գնալ, որտեղ ջորիների համար թամբ էի պատրաստում, սակայն դրա բանալին էլ չգտա: «Ո՞ւր գնամ հիմա»,- մտածեցի: Գնացի ու մի մոմ վառեցի սուրբ Մինասի համար և իսկույն բանալիները գտա այնտեղ, որտեղ չէի սպասում: Մեկ մոմ և ամեն ինչ կարգին է: Անգամ մեկ մոմի համար են սրբերը շնորհակալ լինում:
Ես չգիտեի, որ սրբապատկերների վրա սուրբ Մինասին նաև ձիավոր են պատկերում: Մայրս, որ մի անգամ տեսել էր սուրբ Մինասին և իր մի հարցի պատասխանը ստացել, ասաց, որ նրան ձիու վրա են պատկերում: Իսկ ես իմն էի պնդում ու ասում, որ միայն սուրբ Գևորգին ու սուրբ Դիմիտրիոսին են ձիավոր պատկերում: «Ո՛չ,- ասում էր մայրս,- իմ տեսածը աշխետ ձիու վրա էր և ասաց, որ ինքը սուրբ Մինասն է: «Դու ո՞վ ես,- հարցրի նրան:- Սուրբ Գևորգը սպիտակ ձիով է, սուրբ Դիմիտրիոսը՝ կարմիր, իսկ դու ո՞վ ես»: «Ես սուրբ Մինասն եմ»,- ասաց նա»:
– Հա՛յր, իսկ հնարավո՞ր է, որ սուրբ Սպիրիդոնը Աստծուց խնդրել է, որպեսզի իր մասունքներն անփուտ մնան:
– Ո՛չ: Նման բան ինչպե՞ս է հնարավոր: Սրբերը նման բան չեն խնդրում: Աստված է այնպես արել, որ նրա մասունքներն անփուտ են մնում, որպեսզի մարդիկ օգնություն ստանան: Եվ տեսնո՞ւմ եք, թե Աստված ինպես է ամեն ինչ իմաստությամբ կարգավորել: Կերկիրա, Կեֆալոնիա, Զակինթոս կղզիները մոտ են գտնվում Իտալիային, և այնտեղ հեշտ էր մարդկանց կաթոլիկության միտել, դրա համար էլ Նա այնտեղ արգելապատնեշ դրեց՝ սուրբ Սպիրիդոնին, Գերասիմոսին ու Դիոնիսիոսին:
– Հա՛յր, երբ Դուք մենաստանում եք լինում, ես ինձ շատ ապահով եմ զգում: Բայց երբ այստեղ չեք լինում և որևէ փորձություն է գալիս, վախենում եմ:
– Մի՛ վախեցիր, զորեղ հովանավորներ ունեք ձեր կողքին: Մի՛ մոռացեք նրանց մասին, մշտապես նրանց գլուխը տարեք: Իսկ երբ իմ օգնության կարիքը լինի, կա՛մ Աթոսից, կա՛մ այստեղ, այն միշտ կհասնի: Եթե աշխարհիկ կյանքում լավ եղբայրները հոգ են տանում իրենց քույրերին, ապա առավել ևս այդպես են վարվում հոգևոր կյանքում, որն աշխարհիկից վեր է: Դրա համար էլ ձեզ եմ թողել իմ գանձը՝ սուրբ Արսենի մասունքները, իսկ դա նշանակում է, որ այժմ նաև իմ սիրտն է այստեղ, «քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մտթ. 6:21): Չէ՞ որ ասել եմ ձեզ՝ թանկագին ինչ ունեմ, թողնում եմ ձեր մենաստանին, որտեղ սուրբ Արսենն է բնակվում, որը մի անգամ մի մարդու ասել է. «Ես Սալոնիկի մոտ եմ ապրում»(4): Իսկ եթե այդպես է, եթե նա ինքն է ասել, որ այստեղ է ապրում, ապա իմ անունից խնդրիր նրան, եթե ինքդ ամաչում ես: Թող իր փայտն առնի ու իր ձևով դևերի հախից գա:
Հենց դա է բոլոր սրբերի գործը՝ օգնել ու պաշտպանել մեզ՝ խեղճերիս, երևելի ու աներևույթ հարձակումներից: Մեր գործը հոգևոր կյանքով ապրել ջանալն է, Տիրոջը չվշտացնելը, սրբերի համար կանթեղներ վառելն ու նրանցից օգնություն հայցելը: Այս կյանքում մեզ օգնություն է հարկավոր, որպեսզի կարողանանք մոտենալ Քրիստոսին: Մյուս կյանքում, եթե Աստված արժանացնի, որ Իր կողքին լինենք, այլևս կարիք չի լինի սրբերին անհանգստացնելու, թեև նրանցից օգնություն խնդրելու անհրաժեշտություն էլ չի լինի:
1. Պերգամոսի եպիսկոպոս սուրբ Անտիպասն (†68) ապրել է առաքելական ժամանակաշրջանում և նահատակություն ընդունել Պերգամոսում:
2. Հայտն. 2:13
3. Ասվել է 1986թ.-ին:
4. Էսֆիգմենու մենաստանում 1953-1955 թթ.:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում