Էդուարդ Շարմազանովը “Բրեստի ամրոց-հերոս” հուշահամալիրի տարածքում խաչքար տեղադրելու պատրաստակամություն է հայտնել

Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելել է Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզ, հանդիպում ունեցելմարզինահանգապետ Կոնստանտին Սումարի հետ:

Երկուստեք բարձր է գնահատվել ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նոր թափ եւ որակ հաղորդելու երկկողմ հարաբերություններին:

Կոնստանտին Սումարի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-բելառուսական միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Սյունիքի եւ ԲՀ Մինսկի մարզերի միջեւ համագործակցության մեկնարկին, ինչպես նաեւ ՀՀ Արարատի եւ ԲՀ Բրեստի մարզերի միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը:

Կողմերը նկատել են, որ հայ-բելառուսական առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում, եւ երկկողմ տնտեսական հարաբերությունները դեռեւս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով զրուցակիցները մտքեր են փոխանակել Բրեստում գործարար համաժողով անցկացնելու հնարավորության առնչությամբ:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաեւ Հայրենական Մեծ պատերազմի ամենահերոսական էջերից մեկին’Բրեստի ամրոցի պաշտպանությանը, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով’ իրենց անուններն են անմահացրել նաեւ բազմաթիվ հայորդիներ:

Բրեստի մարզի նահանգապետի հետ հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը բելառուսցի գործընկերների ուղեկցությամբ այցելել է “Բրեստի ամրոց-հերոս” հուշահամալիր, ծաղկեպսակ դրել “Անհայտ զինվորի” եւ ութ հայ զինվորների շիրիմներին, ինչպես նաեւ գրառում թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում: ԱԺ փոխնախագահը հուշահամալիրի տարածքում հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքար տեղադրելու պատրաստակամություն է հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում