Վահագն Դավթյան. Իմ մայրենի, իմ բարբառ
Նմանատիպ
Իմ մայրենի, իմ բարբառ, կրակի հետ արարել,
Կրակի պես սրբազան քեզ դարեդար եմ տարել:
Ձգել եմ բոցը քո շեկ ես եղեգան փողն ի վեր,
Որ աստվածներ ծնես դու բոցամորուս ու հուրհեր:
Եվ հայրենի կավածեփ խուղերում եմ վառել քեզ,
Որ ծխանի ծխի հետ հավերժորե՜ն երկարես…
Իմ մայրենի, իմ բարբառ, քեզ հացի հետ արարել
Եվ հացի պես սրբազան քեզ դարեդար եմ տարել:
Քարից քամված ցորյանիս համն ու հոտն եմ տվել քեզ
Որ անսպառ լինես դու այն օրհնված հացի պես:
Որ հեռավոր ճամփեքին՝ օտարության ու քաղցի
Դու շուրթերիս մերձենաս հաղորդության պես հացի:
Իմ մայրենի, իմ բարբար, քեզ գինու հետ արարել
Եվ գինու պես սրբազան քեզ դարեդար եմ տարել:
Եվ քեզանով արբեցած, դարձել տրտունջ ու բողոք,
Ծառս եմ եղել երկնքի գահերի դեմ անողոք:
Ես բեզանով իմ հոգու լույսն ու խավարն եմ հունցել
Եվ կապույտի, անհայտի, հավերժի հետ զրուցել:
Իմ մայրենի, իմ բարբառ, աշխարհում ինչ էլ լինի՝
Դո՛ւ իմ կրակ, դո՛ւ իմ հաց, դո՛ւ սրբազան իմ գինի…
1967թ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում