18
+26°C

Արցախի Տիգրանակերտը գերել է օտարերկրյա զբոսաշրջիկներին

Հանրապետությունում վերջին շրջանում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքը դարձել է Արցախ ժամանած զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գանձասար տուր» տուրիստական գործակալության մենեջերը, վերջին շրջանում օտարերկրյա զբոսաշրջիկները շատ են ցանկանում տեսնել Տիգրանակերտ պեղումնավայրը: «Մենք շատ մեծ սիրով նրանց տանում ենք այնտեղ, քանի որ ճանապարհները լավն են, իսկ պեղումները’ չափազանց հետաքրքիր ու գրավող»,-ասաց նա:

Հինգ տուրիստական գործակալությունների հետ հարցման արդյունքում պարզվեց, որ, Տիգրանակերտից բացի, Արցախի հիշարժան ու տեսարժան վայրերից են Շուշին, Ստեփանակերտն ու Գանձասարը: Ինչպես նշեց «Հյուր սերվիս»-ի մենեջերը, չնայած դեպի Արցախ ճանապարհորդությունն ամփոփվում է մեկ փաթեթում, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները վերջում նշում են, որ ամենից հետաքրքիրն այդ վայրերն էին: Իսկ «Գանձասար տուր»-ի մենեջերը նշեց, որ, բացի այդ վայրերից, իրենց դիմած զբոսաշրջիկները շատ մեծ ցանկություն ունեն տեսնելու նաև Դադիվանքը, սակայն վատ ճանապարհների պատճառով իրենք ոչ մի կերպ չեն կարողանում բավարարել նրանց ցանկությունը:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար ամենապահանջվող վայրերը Գառնին, Գեղարդը, Սևանն ու Էջմիածինն են: «Նորդ-Օստ» տուրիստական գործակալության աշխատակիցը տեղեկացրեց, որ այդ տեսարժան վայրերը գրեթե միշտ պահանջված են, սակայն կան վայրեր, որոնք պարտադիր կան բոլոր տուրիստական փաթեթներում: «Օրինակ միշտ բոլոր զբոսաշրջիկները Խոր Վիրապ, Հաղպատ ու Սանահին պարտադիր գնում են: Հետաքրքրված են նաև Դիլիջանով, Տաթևով ու Ջերմուկով»,-ասաց նա’ ավելացնելով, որ իրենց դիմած զբոսաշրջիկները գրեթե չեն գնում Ծաղկաձոր, քանի որ այնտեղ, հատկապես ամռանը, սնելու ոչինչ չկա:

«Հյուր սերվիս»-ի մենեջերն էլ նշեց, որ իրենց շատ հաճախ են դիմում Տաթև գնալու համար, սակայն ճանապարհը շատ հեռու է և չի ստացվում նույն օրը վերադառնալ, այդ իսկ պատճառով շատ հաճախ չեն գնում: «Եթե գնում ենք, պարտադիր պետք է մնանք, իսկ մնալու համար հավելյալ գումար է անհրաժեշտ, քանի որ այնտեղ հյուրանոցները շատ թանկ են: Մատչելի հյուրանոցները անհարմար են ու վատը, հյուրերը չեն համաձայնում, իսկ լավ հյուրանոցներն էլ շատ թանկ արժեն’ մեկ գիշերվա համար 60-80 հազար դրամ»,-ասաց նա:

«Պեգաս թրավել» տուրիստական գործակալություն դիմողները ևս, Գառնիից, Գեղարդից, Սևանից ու Էջմիածնից բացի, հետաքրքրված են նաև Հաղպատով, Սանահինով, Տաթևով ու Հաղարծինով: Իսկ «Անի տուր»-ին դիմողները լինում են նաև Աղվերանում, Հանքավանում, Դիլիջանում ու Վանաձորում: Այնուամենայնիվ, բոլոր տուրիստական գործակալություններում ամենաթանկ փաթեթն Արցախի փաթեթն է:

2012-ին Հայաստան է այցելել մոտ 840 հազար զբոսաշրջիկ: Հյուրանոցների թիվը Հայաստանում 149 է. 47-ը գտնվում են Երևանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում