Արվեստի ոլորտի ներկայացուցիչները մարտի դաշտում. նրանք համալրում են կամավորների շարքերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումների ընթացքում մեր հայրենիքը պաշտպանում են ոչ միայն զինվորները, այլև բազմաթիվ կամավորներ, որոնց շարքերը համալրում են դերասաններ, նկարիչներ, երգիչներ և այլ մասնագիտությունների տեր հայրենասերներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանցից շատերը ռազմաճակատ մեկնելուց առաջ ոգևորող հրապարակումներ են արել համացանցում՝ հիշեցնելով՝ «մենք հաղթելու ենք»:
Երգիչ Արսեն Սաֆարյանը զինվորական համազգեստով լուսանկարներ է հրապարակել համացանցում՝ գրելով. «Մենք գնացինք»: Նա հավելել է, որ Արցախն ուժեղ է:
Ավելի վաղ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը հայտնել է, որ առաջնագիծ են մեկնել թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը և դերասան Վարշամ Գևորգյանը: Գրիգորյանը գրառման մեջ ասում է, որ Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել, մեկնում է Արցախ։ «Այսպես է ծնվում ճշմարիտ արվեստը` սրտից: Հպարտանո՜ւմ եմ։ Շուտ հաղթեք ու վերադարձեք. արվեստում նոր հորիզոններ ունենք գրավելու»,-գրել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Երիտասարդ նկարիչ Շանթ Կարապետյանը սեպտեմբերի 29-ին իր հարյուրավոր հետևորդներին հայտնել է, որ հաջորդ օրն առաջնագծում կլինի: «Իրականում մեծ պատիվ է պաշտպանել պետական սահմանը: Պատիվ էր նաև 17 ամիս լինել Թալիշի ամենավտանգավոր դիրքի ավագը: Հիշում եմ` յոթ տարի առաջ` օգոստոսյան խառը դեպքերի ժամանակ, մեզ օգնության եկան Թալիշի տղամարդիկ: Գիտե՞ք` ոնց էինք դուխավորվել, գիտե՞ք` ոնց էինք ուրախացել: Հիմա էլ մեր հերթն է: Մենք պիտի կանգնենք մեր 18 տարեկան հզորների կողքին»,-ընդգծել է Շանթը:
Նա գրել է, որ դեռ շատ անելիքներ կան, դեռ շատ նկարներ ունի չնկարված, բայց բոլորս մի պարզ բան պիտի հասկանանք` եթե չկա ազատություն, եթե չկա անկախություն, ոչինչ էլ իմաստ չի ունենում:
Հաղորդավար Եգոր Գլումովն էլ սեպտեմբերի 29-ին արված հրապարակման մեջ նշել է, որ դեռ այնտեղ չէ, որտեղ կցանկանար լինել. դեռ Երևանում է: «Ամենայն հավանականությամբ վաղն առավոտյան ճանապարհ կընկնենք: Այսքանը»,-գրել է նա, իսկ Գլումովի գործընկերը` Ժակը (Հակոբ Պապիկյան), տեղեկացրել է, որ Գլումովը կամավորագրվել է Արցախ մեկնելու համար: «Ապրիլյանին էլ Ճամբարակում էր: Նրա գործողությունները միշտ հստակ ու համեստ են, բայց մշտապես հիացնող՝ իրենց բովանդակությամբ: Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի: Ընդհանրապես, Գոռի Օ.Գ.Գ.-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է: Պրն. մայոր, ՊԱՏԻՎ ունեմ: Աստված մեզ պահապան»,-գրել է հաղորդավարն ու շեշտել, որ հաղթելու ենք:
Դերասան Գևորգ Գրիգորյանն էլ ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 27-ից: Նա համացանցում գրել է. «В бой идут одни старики!
Մեզ բացակա չդնեք»։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:
Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 10 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրատանային համակարգ:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում