Սա քաղաքակրթությունների պատերազմ է. Ռուբեն Բաբայան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը համարում է ոչ թե ազգերի, հողի, կրոնի, այլ քաղաքակրթությունների պատերազմ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բաբայանն ընդգծեց, որ մենք պայքարում ենք մեր արժեքային համակարգի համար, պայքարում ենք, որ մարդ լինենք, որ մեր մարդկային էությունը, մարդկային արժանապատվությունը ոչ ոք չկարողանա ոտնահարել: «Սա հզոր ուժ է, որովհետև պայքարում են ազատ մարդիկ, որոնք ինքնակամ են պայքարելու որոշում կայացրել: Հակառակորդի, թշնամու մոտ այս գիտակցությունը չկա, և դա մեզ ավելի շատ է ուժ տալիս: Ազատ մարդուն հաղթել հնարավոր չէ, ազատ մարդն անհաղթ է, իսկ ազատ հասարակությունը և ազատ ժողովուրդը՝ առավել ևս»,- շեշտեց նա:
Բաբայանի խոսքով` պետք է մտածել ինչ անել, որ պատերազմն ավարտվի, քանի որ մենք իրավունք չունենք ժամանակ առ ժամանակ նման իրավիճակի մեջ թողնել մեր հասարակութանը, ժողովրդին:
Խոսելով պատերազմական իրավիճակում Արցախի բնակիչներին, զինվորներին աջակցելու մասին` թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ պատերազմի ժամանակ բոլորը պետք է դառնան մի բռունցք, իսկ մյուս հարցերը երկրորդական են:
«Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զգա, թե ինչքանով է ինքը կարող ավելի շատ օգուտ բերել երկրին և երկրի պաշտպանությանը: Կան բազմաթիվ ուղիներ դա անելու համար, և պետք է բոլոր ուղիներն օգտագործել: Թատրոնից կան մարդիկ, որոնք արդեն ռազմաճակատում են, կան մարդիկ, որոնք արյուն են հանձնում, թատրոնը մասնակցում է մարդասիրական օգնության նախաձեռնություններին: Շատ կարևոր է ոգևորել մեր զինվորներին ու ցույց տալ, որ այստեղ նրանց սպասում են, սիրում են: Շատ կարևոր է թիկունքի վերաբերմունքը. զինվորները պետք է զգան, որ մենք մի ընդհանուր գործով ենք զբաղված»,-նշեց Բաբայանը:
Նա կարևորեց նաև մշակութային կյանքի ակտիվությունը` շեշտելով, որ դա հաստատում է, որ երկիրն ապրում է, աշխատում է և պարզ է դառնում, թե հանուն ինչի է մղվում պատերազմը:
Ռուբեն Բաբայանը հիշեցրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ օրերին Երևանում բացվեց Երաժշտական կոմեդիայի թատրոնը: Նրա խոսքով`կար գիտակցություն, որ մշակույթը պարտադիր է հասարակության համար, որ միայն ոգեշնչված և բանիմաց մարդիկ կարող են պաշտպանել երկիրը:
Անդրադառնալով մեր հասարակության միասնությանը` Ռուբեն Բաբայանն ասաց, որ մենք ունենք արտակարգ համախմբված հասարակություն, որը շատ լավ հասկանում է, թե որն է մեր առաջնային խնդիրը: «Այս պատերազմը մեզ լավ դաս է տալիս վաղվա համար: Ինչպես կարելի է համախմբվել կարևոր նպատակի շուրջ, երկիրը կառուցելու շուրջ: Դա բացարձակապես չի նշանակում, որ բոլորը մտածում են նույն կերպ, բայց երբ մենք զգում, հասկանում ենք, թե որն է մեր գերնպատակը, մեր բոլոր գործողությունները, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ ենք գնում, ուղղվում են նրան, որ կարողանանք կազմակերպել մեր երկրի անվտանգությունը և պաշտպանությունը, ինչն անհրաժեշտ է նաև խաղաղ ժամանակ: Սա լավ դաս, լավ օրինակ է»,-նշեց նա:
Բաբայանը հիացած է հատկապես երիտասարդներով: Ըստ նրա` հաճախ չես հանդիպի այսքան սթափ մտածողության, այսքան պատրաստվածության, բարձր գիտակցության, որը կա այսօր: «Հավանաբար պատերազմը այն սահմանային գիծն է, որը մարդուն հնարավորություն է տալիս ցույց տալու մեր իրական դեմքը, իսկ մեր ժողովրդի իրական դեմքը շատ պայծառ է»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացիական անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:
Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի շուրջ 1280 մարդկային կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 միավոր զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում