«Փոթորկի խաղաղեցումը» պատկերատիպը

«Փոթորկի խաղաղեցումը» պատկերատիպը

Հրաշագործությունների շարքում ծովի հետ կապված տեսարանները ամենից շատ գրավել են կիլիկյան մանրանկարիչներին: Գուցե ծովային երկրում ապրելու պարագան գրավում էր նրանց: Հետաքրքրական լուծումներով են տրված «Հրաշքը ծովի վրա», «Բարեհաջող ձկնորսությունը», «Փոթորկի խաղաղեցումը», «Պետրոսի թերահավատությունը» և այլն: Մի շարք դեպքերում մանրանկարիչներն այնպիսի վարպետություն են դրսևորում, որ թվում է, թե նրանց ստեղծած կոմպոզիցիաներն ու կերպարները դուրս են միջնադարյան արվեստի խորհրդաբանության և պայմանականության շրջանակներից:

Մատենադարանի № 7651 ձեռագրում պատկերված է երկու նկար (Մատթեոս 8:23-27; Մարկոս 4:37-40): Այս թեմայով հայտնի է երեք պատկերատիպ. ա) Քրիստոսը քնած է նավում. բ) Քրիստոսը սաստում է հողմը. գ) այդ երկուսի համակցումը:

Առաջին նկարում ծովն է, ասես, սեղմված ժայռաբլուրների միջև: Նավում Քրիստոսը պատկերված է երկու անգամ՝ նավի ձախ կողմի առաջամասի մոտ նրան արթնացնում է մի աշակերտ, աջում Նա՝ Քրիստոսը, սաստել է հողմը. դրան համապատասխան էլ նավից ձախ ծովն ուռեցված է, և նշված են ալիքների գալարները. աջում ծովի կապույտը շատ փոքր տեղ է գրավում, և նավը մերձ է ափին: Արևմուտքում (Ռայխենաուի և Էխտեռնախի դպրոցներ) արդեն X-XI դարերում այդ թեման հաճախ պատկերվում էր այդ ձևով. նույն նավում Քրիստոսը ներկայացված է երկու անգամ: Բյուզանդիայում դա հազվադեպ էր:

Երկրորդ նկարում աշակերտների թիվը հասցված է երկուսի, բայց նավը պատկերված է երկու անգամ, ընդ որում գործողությունը աջից ձախ է գնում. աշտարակ, նավը ծովում (ընդ որում Քրիստոսը երկու անգամ է պատկերված այս նավում՝ մեկ նստած, հայացքը դեպի աշտարակը, մեկ էլ ննջելիս՝ նավի հակառակ ծայրում), ժայռաբլուր, փոթորկահույզ ծով և նավը (Պետրոսը արթնացնում է Քրիստոսին, կա և մյուս աշակերտը): Այն միտքն է հայտնվում, թե XI դարից սկսած նավը ծովի մեջ այլաբանորեն իմաստավորվում է իբրև եկեղեցի: Սակայն Ներսես Շնորհալու՝ Մատթեոսի ավետարանի մեկնության մեջ այդ մասին խոսք չկա: Դրա փոխարեն կա այլաբանությունների մի շարք, որ բխում է քրիստոնեության արշալույսից. «…Ծով է կենցաղս ըստ մարգարէին…, իսկ շարժումն (փոթորիկը)՝ զանկումն Ադամայ զահագին և զմէծն…նաև զկրօնից ի կրօնս փոփոխումն…» և այլն:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում