Սրբերի հրաշքները

Սրբերի հրաշքները

– Հա՛յր, վախենում եմ, երբ մենակ եմ աշխատում հյուրատանը:

– Աղոթի՛ր սուրբ Արսենին, և գողն ինքը քեզնից հետո ներողություն կխնդրի(1):

– Դևերից էլ եմ վախենում, հա՛յր:

– Սուրբ Արսենին խնդրիր, թող նրանց կաթվածահար անի: Ի՞նչ է, կարծում ես՝ չի՞ կարող:

– Անխոս, հա՛յր: Այն էլ ինչպե՜ս կարող է:

– Գիտե՞ս՝ մի անգամ այնպես է արել, որ մեքենան տեղից չի կարողացել շարժվել: Վարորդը բանալիները մեքենայի մեջ էր թողել, և այն առևանգել էին: Հենց նա աղոթել էր սուրբ Արսենին, մեքենան կանգ էր առել ճամփի մեջտեղն, ու գողերը ստիպված թողել էին այն ու փախել:

– Հա՛յր, բժիշկներն ասացին, որ գլխիս հետ կապված խնդիրներ ունեմ, և վիրահատություն է անհրաժեշտ:

– Գնա, գլխովդ սուրբ Արսենի սուրբ գլուխը թակիր(2): Տեսա՞ր, թե այն մյուս քրոջն ինչպես օգնեց: Առանց նշտարի վիրահատություն արեց, այնպես որ անգամ քույրն ինքը բան չհասկացավ: Փա՜ռք Աստծու: Չկասկածե՛ս, նա քեզ էլ կարող է օգնել:

Սուրբ Արսենն օգնում է: Մի բժիշկ խնդրեց, որպեսզի իր հիվանդ դստեր համար աղոթեմ: Ես սուրբ Արսենին խնդրեցի, և նա փոքր-ինչ օգնեց նրան: Դուք ևս աղոթեք, որպեսզի սուրբն իր հրաշքը մինչև վերջ գործի, որպեսզի գիտնականներն իմանան, թե Աստծու զորությունն ինչ է, և Նրա անունը փառավորվի: Հրաշքը գաղտնիք է: Այն կարելի է վերապրել, սակայն ոչ բացատրել: Մարդկային միտքը չի կարող այն հասկանալ:

– Հա՛յր, մարդիկ այսօր սրբերին այնպես չեն հավատում, ինչպես նախկինում էր:

– Առաջ նույնիսկ նրանք, ովքեր իրենց անհավատ էին կոչում, հոգում Աստված ունեին: Հիշում եմ, երբ իտալացիները Կոնիցայում էին, անտառն այրվեց: Ըստ հասած լուրերի՝ հենց իտալացիներն էին այն հրդեհել, որպեսզի, երբ բնակիչները դուրս գային հրդեհը մարելու, բոլորին բռնեին: Երբ մարդիկ իմանում են դրա մասին, ամեն մեկը մի կողմ է ցրվում, և անտառը շարունակում է այրվել: Իտալացիները գնում են գյուղապետի մոտ, որն անհավատ մարդ էր, ու սկսում հարցեր տալ. «Իսկ որտե՞ղ են բոլորը»: «Աշխատում են»,- պատասխանում է նա: «Իսկ ինչո՞ւ չեն գնում կրակը մարելու»: «Իսկ մենք նման դեպքերի համար սուրբ Նիկողայոս ունենք». Կոնիցայի գլխավոր տաճարը սուրբ Նիկողայոսի պատվին էր օծվել: Այդ պահին թեև երկնքում ամպի ծվեն անգամ չկար, սակայն ամպեր կուտակվեցին, և հորդառատ անձրև տեղաց: Նման հրաշք տեսնելով՝ իտալացիները սաստիկ վախեցան:

– Հա՛յր, իսկ կարո՞ղ է այնպես պատահել, որ սուրբը հրաշքներ չգործի:

– Աստծուց է կախված՝ սուրբը հրաշքներ կգործի, թե ոչ: Սակայն սրբերի շատ հրաշքների մասին մենք ուղղակի չգիտենք:

Դժվարին ոչինչ չկա Աստծու և Նրա առջև համարձակություն ունեցող սրբի համար: Քրիստոս ասաց. «Ես ձեզ ուժ կտամ ավելի մեծ հրաշքներ գործելու, քան Ինքս գործեցի» (հմմտ. Հովհ. 14:12): Քրիստոսի այս խոսքերը վկայում են Նրա խոնարհության ու շնորհի առատության մասին, որ Նա տալիս է: Զարմանալի խոնարհություն ունի Տերը. Նա սրբերին շնորհ ու զորություն է տվել անգամ մեռելներին հարություն տալու, ինչպես հենց Ինքն էր անում:

1. Ծերը նկատի ունի սուրբ Արսեն Կապադովկիացու (1840-1924 թթ.) կոնկրետ հրաշքները, երբ գողերը, որ նրա տուն էին մտնում, ոչ միայն ձեռնունայն էին հեռանում, այլև ներողություն էին խնդրում (տե՛ս Старец Паисий Святогорец. Святой Арсений Каппадокийский. С. 94–95, 96, 100–101, 101–103, 104):

2. Նման խորհուրդ տալը չի նշանակում, որ հայր Պաիսիոսը չի ընդունում բժշկական օգնությունը, այլ այստեղ այդպես ասելով՝ մեզ մղում է սրբերից հավատով օգնություն խնդրելու:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում