Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդն իր զորակցությունն է հայտնել Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին

Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդն իր զորակցությունն է հայտնել Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին

Արցախի Հանրապետության դեմ սանձնազերծված ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զորակցության նամակներ են ստացվում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերից, տարբեր երկրների կրոնապետերից, ուղերձներ միջեկեղեցական կազմակերպություններից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Աթենքի Արքեպիսկոպոս, Սուրբ Սինոդի Նախագահ Նորին Ամենապատվություն Հերոնիմոսը մասնավորապես նշել է․ «Վեհափառ Տե՛ր, սույն թվականի սեպտեմբերի 29-ին Հույն Եկեղեցու Սուրբ Սինոդը խոր ցավով տեղեկացավ Ձեր երկրում տեղի ունեցող ռազմական հակամարտության մասին: Մեր կարեկցանքն ու զորակցությունն ենք հայտնում Ձե՛զ, Վեհափառ Տե՛ր, և Հայաստանի տառապյալ բարեկամ ողջ ժողովրդին այս սարսափելի, արյունոտ փորձության համար:

Մենք աղոթում ենք Ձեր հետ միասին, կարեկցում և սրտացավորեն կիսում ենք ձեր վիշտը և կանգնում Ձերդ Սրբության և հավատավոր հոտի կողքին՝ միախառնելու մեր աղոթքները և աղերսանքները՝ հաղթահարելու փորձությունը վճռական այս պահին»։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում