Էդվարդ Նալբանդյանն Ուկրաինայի հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի Հանրապետությունը սատարում է ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինայի առաջնահերթություններին՝ կարեւորելով նաեւ Կիեւի հետ բազմավեկտոր հարաբերությունների զարգացումը: Այդ մասին հուլիսի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Չնայած մենք ընդհանուր սահման չունենք Ուկրաինայի հետ, սակայն մենք բարեկամական դարավոր կապեր ունենք մեր ժողովուրդների միջեւ: Հայաստանը շատ կարեւոր նշանակություն է տալիս Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ շատ հագեցած զրույց է ունեցել Լեոնիդ Կոժարայի հետ՝ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Նալբանդյանը տեղեկացրեց, որ իր գործընկերոջ հետ խոսել է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթությունների մասին: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությանը եւ առաջնահերթություններին»,- ասաց Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանը մտադիր է շարունակել այդ կառույցում իր ակտիվ գործունեությունը: Նալբանդյանն ասաց, որ Լեոնիդ Կոժարային տեղեկացրել է ԼՂ խնդրի բանակցային գործընթացի զարգացումներից:

Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ասաց, որ վերջին կես տարում սա երրորդ հանդիպումն է Էդվարդ Նալբանդյանի հետ: Իսկ հանդիպումներն անցնում են հագեցած օրակարգով:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան Հայաստան է ժամանել հուլիսի 15-ին: Լեոնիդ Կոժարային Երևանում կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում