Հաղթում ենք և հաղթելու ենք. մշակույթի գործիչները քաջալերում են հայոց բանակին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունն ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը կարծում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում մեր զինվորները բացառիկ խիզախություն են դրսևորում՝ ոգևորելով բոլորիս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նրանք ասացին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Գուսան Հայկազունն ընդգծեց, որ ավելի քան երեսուն տարի իր երգերն են ոգևորել, ուժ տվել զինվորներին, բայց այսօր ինքն է ուժ ստանում զինվորների կռվելու պատրաստակամությունից:
«Անգամ երեսուն տարի առաջ այդքան մեծ ոգևորություն չեմ տեսել ո՛չ թիկունքում, ո՛չ բանակում: Մենք անպայման հաղթելու ենք. արդեն հաղթում ենք: Մեր հաղթանակով ջարդելու ենք Թուրքիայի ողնաշարը և Թուրքիան պարտվելու է հենց այս պատերազմում»,-ասաց նա:
Հեքեքյանն էլ նշեց, որ ինքը նույնպես շատ ոգևորված է, քանի որ ականատես ենք լինում մեր տղաների քաջագործություններին և սխրանքներին, որոնք հիացմունքի, խոնարհումի են արժանի:
«Իհարկե՛, կոտրելու ենք Ադրբեջանի ողնաշարը: Կասկած չկա՝ հաղթում ենք և հաղթելու ենք»,-շեշտեց նա:
Ըստ Հեքեքյանի՝ արժանի լինելով մեր զինվորներին ու բանակին՝ պետք է մտածենք, թե ինչ չենք արել 30 տարվա ընթացքում, ինչու չենք արել և արագ լրացնենք բացթողումները: «Մենք բաց ենք թողել մեր հայրենասիրական դաստիարակությունը բոլոր կրթական հաստատություններում՝ սկսած մանկապարտեզից: Եթե հիշենք, թե ինչպես ենք կրթել մեր երիտասարդներին. խոնարհվում եմ մեր ծնողների առաջ, որ նման զինվորներ ունենք: Կարծում եմ՝ բոլոր դպրոցներում պետք է հերոսացած տղաների անուններով դասարաններ լինեն»,-ասաց Հեքեքյանը:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարի համոզմամբ՝ պետք է արդեն մտածել մեր քաղաքացիների անվտանգության մասին, հզորացնել երկիրը՝ օտարներից կախված չլինելու համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ոչ մեկի վրա պետք չէ հույս դնել, պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, մշակույթը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում