Հիսուս Քրիստոսի իշխանության մասին
Նմանատիպ
«Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը» (Մարկ. 11:28):
Իմ արիասիրտ ու բարեպաշտ եղբայրներ ու քույրեր՝ միավորված Քրիստոսի ու հայրենիքի սիրով,
Արդեն յոթ օր է՝ ուղիղ մեկ շաբաթ, ինչ Երկիր մոլորակի վրա տասը միլիոն սրտերից կազմված մի մեծ ու միասնական սիրտ է բաբախում Հայաստան ու Արցախ աշխարհի համար: Հայի սիրտն է դա, որ միասնական աղոթք դարձած՝ առաքվում է առ Տեր ու Նրա գթությունը հայցում: Արդեն յոթ երկար ու ձիգ օր է, որ հայ ժողովուրդը մեկ հայր ու մայր դարձած ռազմաճակատ է ուղարկում իր տան ճրագին՝ իր անգին զավակին՝ պաշտպանելու հավատն ու հայրենին: Արդեն մի ամբողջ շաբաթ է, որ ազգս բանակ դարձած իր արդար ու անկոտրուն պայքարն է մղում հանուն սրբազան հայրենիքի, հանուն սեփական հողի վրա ապրելու և ազատ արարելու իր իրավունքի: Պատերազմի մեկ վայրկյանն անգամ սարսափելի է ու անընդունելի, իսկ մեր առյուծասիրտ զավակներն արդեն յոթ օր սեփական կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին՝ ի կատար ածելով Տերունական ճշմարիտ խոսքը. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13): Դարեր շարունակ Քրիստոսակիր հայը կռվել է շուն թշնամու դեմ և Սուրբ Խաչի զորությամբ ապացուցել, որ հայի տան ճրագն անմար է: Եվ մենք այսօր, առավել քան երբևէ, վստահ ենք մեր հաղթանակով, քանի որ մահը խորտակած սուրբ Խաչն է մեր զորավիգը, մեզ համար խաչյալ ու հարուցյալ Քրիստոս Աստված՝ Զորությունների Տերն է մեր ապավենը: Մենք անպարտելի ենք, քանի որ Սուրբ Գևորգ ու Սարգիս զորավարները, Սուրբ Միքայել ու Գաբրիել հրեշտակապետերն են իրենց անհամար գնդերով մեր դյուցազուն զավակների մարտակից ընկերները: Մենք վստահ ենք մեր հաղթությանը, քանի որ մենք պայքարում ու պաշտպանում ենք մեր Մայր Հայրենին, մայր հողը, որ սրբագործվել է սուրբ Հռիփսիմյանց կույսերի, սուրբ Վարդանանց, սուրբ Ոսկյանց և մինչ մերօրյա քաջ նահատակների սրբազան արյամբ, որ իր սրտում կրում է սուրբ Հովհաննես Մկրտչի, սուրբ Անանիայի, սուրբ Դադիի, և շատ այլոց սուրբ մասունքներ: Եվ վերջապես՝ հայ մոր ու հայ հոգևորականի ոչ մի վայրկյան չդադարող պահպանիչ աղոթքն է մեր զինվորների վահանը, որ համարձակություն ունենք Բարձրյալի առջև բաց ճակատով ասելու, քանի որ մեր զայրույթն իրավացի է և գործն՝ արդար, իսկ ինչպես Հակոբոս առաքյալն է ասում. «Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (5:16):
«Ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից, քանզի միայն նրանցից է կախված ազգի մեծությունը»,- ասել է ֆրանսիացի հայտնի գրող-հրապարակախոս Էմիլ Զոլան, և ես կարծում եմ, որ ասվածին համարձակորեն կարելի է հավելել նաև՝ յուրաքանչյուր անհատի, մարդ կոչմանը հավակնող յուրաքանչյուր արարածի մեծությունը:
Ճշմարտություն և արդարություն. Աստվածային հատկություններ, որ այրում են խավարի հպատակներին ու մերժված են չարի տիրույթում: Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք, որ է Քրիստոս (Հովհ. 14:6), արդար և արդարություն սիրող, որ է Տեր (Սղմ. 10:8):
Այսօրվա ավետարանական ընթերցվածքի մեկնությունն էլ ճշմարտության և արդարության մերժման, իրավունքի և իշխանության խեղաթյուրման մասին է, սիրելինե՛ր, երևույթների, որ համատարած հանդիպում ենք մարդկության ողջ պատմության ընթացքում, և որոնց առճակատվեց նաև Մարդացյալ Աստված: Սակայն այդ չարածին ու ստոր երևույթներին անդրադառնալուց առաջ առաջարկում եմ մի կարճ էքսկուրս կատարել ավետարական էջերով՝ հիշելով Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական ուղու առավել նշանակալից մի քանի դեպքեր: Բեթղեհեմյան աստղը Արևելքի մոգերին բերեց՝ երկրպագելու աստվածային Մանուկ-Արքային, ինչը հայտնի դարձավ Հերովդեսի պալատում և քահանայապետերն ու օրենսգետներն էլ հաստատեցին, որ Աստծու Օծյալը Բեթղեհեմում պիտի ծնվի: Այնուհետև ժողովրդի կողմից որպես մարգարե ընդունված սուրբ Հովհաննես Մկրտիչը վկայեց Նրա աստվածության մասին՝ ասելով. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ի՞նձ մոտ ես գալիս» (Մտթ. 3:14): Այնուհետև պատմությունը սլացավ սրընթաց արագությամբ ու անթիվ փաստերով՝ անհամար բժշկություններ ու դիվահալածություն, մեռելների հարություն ու բնության տարերքների սանձահարում, հացերի ու ձկան հրաշալի բազմացում և այս ամենին քաջատեղյակ փարիսեցիներ ու քահանայապետեր: Ու այսքանից հետո հարց. «Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»… Հարց, որի պատասխանն իրենք հրաշալի գիտեին, և այն ամենևին պետք չէր իրենց: Պետք չէր, որովհետև Քրիստոսի աստվածային իշխանությունն ընդունելը կնշանակեր զրկվել իրենց դիրքից, իշխանությունից ու պատվից, զրկվել իրենց եսասիրությունը սնող ամեն հաճույքից: Կնշանակեր ընդունել, որ իրենք սխալվել էին, մի բան, որ չարն ու իր հպատակները երբեք չեն անում: Հպարտությունը, նախաձն ու փառասիրությունը փակում են նրանց աչքերը՝ հերքելով բարու յուրաքանչյուր դրսևորում, թույլ չտալով տեսնել ակնհայտ ու անհերքելի ճշմարտությունը և խլացնում Աստծու ձայնը մարդու ներսում՝ խիղճը, որպեսզի չլսի արդարության կոչն ու չդառնա մոլորության ճանապարհից:
Չեմ ուզում երկար խոսել, սիրելինե՛ր: Միայն ուզում եմ, որպեսզի մեկընդմիշտ արձանագրեք ձեզ համար, որ Ավետարանի պատվիրանները, Աստծու խոսքն ու սուրբ կամքը կատարելը նշանակում է ընդունել Քրիստոսի աստվածային իշխանությունը, որ մեր իսկ փրկության մասին է հոգում, իսկ դրանք անտեսելն ու չկատարելը մեզ կանգնեցնում է փարիսեցիների և օրենսգետների կողքին ու կրկնել տալիս նրանց նենգ հարցը. «Ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»: Ուզում եմ, որ հիշեք սուրբ Բարսեղ Մեծի խոսքը. «Դատաստանի ժամանակ դու չես կարողանալու ասել՝ «ես չգիտեի, թե ո՛րն էր բարին», քանի որ քեզ մի կշեռք է տրված, որով դու պիտի բարին ու չարը զատորոշես միմյանցից։ Եվ եթե մարմնի ծանրությունը կշեռքի սլաքի օգնությամբ ենք ստուգում, ապա մեր կյանքում բարին կամ չարն ընտրելը մեր հոգու ինքնիշխան կամքով է, որ որոշվում է, այդ պատճառով էլ մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք մեր հոգու կշեռքի երկու նժարներին դրված բարի կամ չար երևույթների միջև»։ Արդ, մերժելով ամենայն կեղծը, անարդարը, նենգն ու չարը՝ հավատարմորեն ու հաստատակամորեն ընթանանք մեզ մատնանշված արդարության ու ճշմարտության կյանք պարգևող ճանապարհով և վստահ լինենք, որ ճշմարտությունը կազատի մեզ (Հովհ. 8:32):
Այժմ միասին ծնկաչոք հայցե՛նք Սրբուհի Աստվածածնի անդադրում բարեխոսությունը Ամենակալի առջև մեր հայրենիքի համար այս օրհասական պահին: Աղերսե՛նք սուրբ Գևորգ, սուրբ Սարգիս, սուրբ Ատոմ Գնունի, սուրբ Վարդան Մամիկոնյան զորավարների, սուրբ Ղևոնդ երեցի, սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի զորավոր օգնությունը մեր խիզախ զինվորներին: Աղաչե՛նք սուրբ Անանիային, սուրբ Գրիգոր Լուսավորչին, սուրբ Գրիգոր Նարեկացուն, սուրբ Գրիգոր Տաթևացուն, որպեսզի իրենց ջերմեռանդ աղոթքներով Ամենազոր Քրիստոս Աստծու գութը շարժեն Հայաստան և Արցախ աշխարհի համար և Նրա Սուրբ Խաչի նշանով շուտափույթ հաղթանակ ու խաղաղություն շնորհվի մեր ժողովրդին:
«Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր ու պահպանի՛ր հայրենի սահմանները պահող մեր զինվորներին ու զորավարներին Քո սուրբ և պատվական Խաչի հովանու ներքո խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից:
Մարտի դաշտում նրանց հետ եղիր, զորացրու Քո հոգևոր սպառազինությամբ և ապահով տուն վերադարձրու՝ իրենց ծնողներին ու ընտանիքներին:
Շնորհի՛ր, որ ազատության համար մղած մեր նվիրական պայքարը Քո ամենաբավական օրհնությամբ և ամենազոր առաջնորդությամբ հաղթանակով պսակվի և հայրենիքը մեր հարատևի խաղաղության ու ազատության մեջ՝ անդադար գոհությամբ փառավորելով Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն»
(Տեր Մեսրոպ վրդ. Պարսամյան):
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում