Ոչ միայն հավատով, այլև վստահությամբ
Նմանատիպ
«Քո ամբողջ սրտով հույսդ դիր Աստծո վրա» (Առակաց 3։5)
Երբ Տերը մեզ ցույց է տալիս մեր հարցերից մեկի պատասխանը, և մենք, այդ պատասխանը մեզ համար ուղենիշ ունենալով, խուսափում ենք տհաճ իրավիճակներից, ձախորդություններից կամ էլ պատախանատվությամբ հաղթահարում ենք տվյալ փորձությունը, շնորհակալ ենք լինում Տիրոջը և փառաբանում։
Սակայն լինում են և պահեր, երբ չենք կարողանում ստանալ մեզ տանջող հարցի պատասխանը, և նախատում ենք Աստծուն՝ ինչո՞ւ ես լռում։
Գուցե հետաքրքիր մի ճշմարտություն է, սակայն փաստ է՝ այդ պահերին ևս պետք է փառաբանենք Նրա լռությունը։ Սովորաբար, այո՛, փառաբանում ենք Աստծո գործերը, սակայն փառաբանենք նաև Նրա լռությունը, որ կրկին նպատակ ունի, չի կարող աննպատակ լինել։
Տիրոջը հավատում են ամենքը, սակայն նրա հանդեպ անվերապահ վստահություն տրված չէ ամենքին։ Մենք կարծում ենք, թե հավատն արդեն իսկ այն է, ինչ մենք կարող ենք զգալ Աստծո հանդեպ, սակայն մոռանում ենք վստահության մասին, որ հավատի շարժիչ ուժն է։ Միաժամանակ հարցնենք ինքներս մեզ՝ ի՞նչ է իմ հավատն առանց վստահության։ Հավատն, այո՛, անլիարժեք է, կիսատ, քանի որ բացակայում է փոխլրացվող երևույթից մեկը։ Չէ՞ որ հավատում ենք վստահությամբ և վստահում հավատով։
Տերն ամենատես է, իսկ մենք՝ մահկանացուներս, տեսնում ենք իրականության մի մասը միայն։ Եվ այս ճանապարհին մեզ համար անչափ կարևոր է հենց վստահությունը Տիրոջ հանդեպ։ Կարևոր է հասկանալը, որ անգամ մեր չտեսածն ունի իր խորհուրդը և նպատակը, և անգամ մեր չունեցածի համար շնորհակալ լինել և փառաբանել Նրան։ Եվ կարիք չկա այնպիսի նախատինքներ հնչեցնել, թե «ես հավատում էի, իսկ Տերը՝ լռում»։ Այլ պետք է վստահել անվերապահ, և ընդունել այդ պահի լռությունը՝ որպես մեր լավագույն պատասխան՝ ստացած Տիրոջից։
Եվ հենց Տիրոջ հանդեպ վստահությունն է, որ վառ է պահում մեր հավատի կրակը, առաջնորդում է մեզ բարդ իրավիճակներում, և, ի վերջո, արժանացում մեզ պարգևի՝ Աստծուն մեզ որպես ուղեկից ունենալուն։
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում