Խոնարհվենք, որպեսզի բարձրանանք

Խոնարհվենք, որպեսզի բարձրանանք

Հպարտությունը՝ յոթ մահացու մեղքերից առաջինը, սկիզբն ու աղբյուրն է բոլոր չարիքների (Սիրաք 10:15): Սուրբ Գրքում գրված է, որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս (Առակ. 3:34): Սա այն բացառություններից է, երբ նկատելի է Աստծու խստությունը. Նա ոչ միայն չի օրհնում և օգնում հպարտին, այլև հակառակ է նրան: Հարկավոր է ուշադիր լինել, թե ինչ է նշանակում Աստծուն որպես հակամարտող, իսկ չարին՝ վաղեմի խռովարարին, որպես գործակից ունենալ: Կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի տանջալի վիճակում է հայտնվում նա, ում հակառակ է Աստված: Արարիչ Աստված, արարելով մարդուն, նրան պարգևեց ազատություն, իշխանություն, բայց նախածնողների անկումից հետո մարդն իրեն շնորհված ազատությունն ու իշխանությունը վերածեց հպարտության ու եսասիրության, որոնք, մահացու խոցելով նրան՝ դժբախտացրին:

Ինչպե՞ս է ճանաչվում հպարտը. ըստ Ս. Բարսեղ Մեծի՝ հպարտը ճանաչվում է նրանով, որ ձգտում է նախապատվության և բժշկվում է, եթե հավատում է ասված դատին՝ Տերը հակառակ է ամբարտավաններին, Նա շնորհ է տալիս խոնարհներին: Հպարտը նա է, ով իր մասին մեծ կարծիք ունենալով՝ ամեն տեղ և ամենքի մեջ իր «ես»-ը բավարարելու միջոցներ է փնտրում: Նա անազատ է ու դատապարտված միայնության, քանի որ եսասիրության ու հպարտության կողմից բանտարկված լինելով՝ այս մեղքերի գերին է: Նա միշտ ճիշտ է և չի սխալվում, նրա շուրթերից, բայց ոչ հոգուց կարող են երբեմն հնչել «ես սխալվել եմ» խոսքերը: Մահացու այս մեղքի մեջ ընկածը մերժում է Աստծուն, քանի որ ինքն այլ Աստված չունի բացի իրենից, նա ինքն է իր Աստվածը: «Ես»-ը աստվածացնելն է հպարտության լավագույն սահմանումը: Հպարտը չի վստահում Աստծուն, քանի որ միայն իրեն է վստահում: Ո՞րն է այս մեղքի էությունը. այն մարդուն հեռացում է կարևորագույն նպատակից՝ դեպի Աստված ընթանալուց: Ինչո՞ւ է արծաթասիրությունը մեղք, քանի որ մարդը վստահում է ոչ թե Աստծուն, այլ իր հարստությանը, իսկ հպարտության դեպքում մարդը հենվում է այն սիրո վրա, որ ունի իր «ես»-ի հանդեպ: Այսպիսով, հպարտությունը մարդուն զրկում է Աստծու հանդեպ վստահությունից և Նրա հետ հաղորդակցությունից: Երբ Աստվածորդին մարմնացավ, Նա չփորձեց Իր աստվածային փառքով ու սրբությամբ բոլորին հիացնել, այլ Իր աստվածությունը խոնարհաբար թաքցրեց մարդկային բնության մեջ:

Շարունակելով նկարագրել հպարտ անձնավորությանը հատուկ մեղքերը և դրանց պատճառած ավերները՝ նշենք, որ անհնար է, որպեսզի հպարտ մարդը չբարկանա, իսկ խոնարհ մարդն, անկախ նրանից, թե նրա հետ կռվում են կամ հակառակվում, չի բարկանում, քանի որ բարկության գերին չէ և ջանում է չկորցնել այն խաղաղությունը, որ ունի իր մեջ: Հպարտությունը մուտք է նաև կեղծավորության համար: Հպարտը հրաժարվում է լինել այնպիսին, ինչպիսին, որ իրականում կա և արհեստականորեն զարդարում է իրեն առաքինություններով, որոնցից զուրկ է: Նրա համար կարևոր է ուրիշների կարծիքները, և նրա մեծ փափագն է, որ բոլորն իր մասին լավ կարծիք ունենան: Նա իր բարկությունը ժպիտի տակ է թաքցնում, քանի որ ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի իր մասին լավ տպավորությունը: Հպարտությունը բազմաթիվ մեղքերի համար պահեստարան է, քանի որ հպարտ մարդն իր մեղքերի ծանրության տակ է ապրում, որովհետև երբեք չի զղջում:

Հպարտությունից առաջ է գալիս նաև դատապարտության մեղքը, քանի որ հպարտը մշտապես դատում է մարդկանց՝ չմտածելով, որ ինքն էլ ունի թերություններ և հեռու չէ սխալներից: Ի տարբերություն հպարտ անձնավորության՝ խոնարհ անձը չի դատում մարդկանց, նա տեսնում է թե՛ լավը, թե՛ վատը և գիտակցում է, որ բոլոր մարդիկ մեղանչական են: Այդ պատճառով խոնարհ մարդու համար ավելի հեշտ է ապրել, նա կախում չունի մարդկանց հայացքներից կամ նրանց գովեստի խոսքերից: Հպարտությունը նաև անգթության աղբյուր է, քանի որ չի ճանաչում կարեկցանք, այն դաժան ու անմարդկային դատավոր է և հանուն «արդարության» կարող է ինչ-որ մեկին «սպանել»: Խոնարհ անձը լի է ինչպես ծովը, և կախյալ է ինչպես ծովը: Թեև ծովը շատ ջուր ունի, բայց կախում ունի անձրևից և նրա մեջ թափվող գետերից: Իսկ հպարտը նման է փակ ջրհորի, որ մեկուսացած է երկրից ու երկնքից և ինքնահավան է այնքան ժամանակ, քանի դեռ լի է ջրով, բայց աղբյուրներից կտրված լինելու պատճառով՝ վաղ թե ուշ դատապարտված է չորացման:

Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ չարը Ադամին խորհուրդ տվեց սեփական անձը բարձրացնելով՝ Աստծուն հավասարվել. «Առաջին մարդն ընկավ մեղքի մեջ հպարտության պատճառով, նա ցանկացավ Աստծուն հավասար լինել, այդ պատճառով չպահպանեց այն, ինչ ուներ և զրկվեց ունեցածից էլ: Այդպիսին են հպարտության պտուղները, այն ոչ միայն օգուտ չի բերում, այլև զրկում է նրանից, ինչ մարդն ունի: Եվ հակառակը՝ խոնարհությունը ոչ միայն չի զրկում մարդուն իր ունեցածից, այլև տալիս է այն, ինչը չունի: Ինչպես նշում է սաղմոսերգու Դավիթը՝ խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում (Սաղմ. 50:19): Տեսնո՞ւմ ես խոնարհ անձի մաքրությունը և ուշադրություն դարձրու հպարտի անմաքրությանը: Սուրբ Գիրքը վերջինիս մասին ասում է. «Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև» (Առակ. 16:5): Խոնարհ անձի սրտում Աստված է բնակվում: Տերն ասում է՝ ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին, ովքեր դողում են իմ խոսքից (Եսայի 66:2), իսկ ամբարտավանը տանջվում է չարի հետ միասին, այդ պատճառով էլ Պողոս առաքյալն ասում է՝ որպեսզի չլինի թե գոռոզանալով դատապարտության տակ ընկնի սատանայի նման (Ա Տիմոթ. 3:6): Ի՞նչը կարող է հպարտությունից ավելի վատը լինել, այն չարիքի բարձունքն է համարվում: Եվ հակառակը, ովքեր կարող են հաճելի լինել Աստծուն, եթե ոչ խոնարհները: Այսպիսով խոնարհվենք, որպեսզի բարձրանանք, իսկ հպարտությունից միայն նվաստացում և գժտություն է առաջ գալիս: Այդպես նվաստացավ փարավոնը, երբ ասաց՝ ես չեմ ճանաչում Աստծուն (Ելք 5:2), ինչի արդյունքում եգիպտացիները տասը պատժի ենթարկվեցին: Իսկ նահապետներից՝ Աբրահամը խոնարհաբար ասաց՝ ես հող եմ ու մոխիր (Ծննդ. 18:27), այդ պատճառով էլ նա բազմաթիվ հակառակորդների հաղթահարեց: Իրապես, Աստված ոչնչից այնպես չի խորշում, որքան հպարտությունից: Այդ պատճառով ջանանք ձեռք բերել խոնարհություն, որպեսզի վայելենք և՛ այս կյանքի, և՛ ապագա կյանքի փառքը»:

Եկեղեցու հայրերը, հպարտության մեջ ընկածին մտորելու առիթ տալով, հետևյալ հարցերն են ուղղում՝ այսպիսով, ո՞ւմ կամ ինչի՞ առջև մարդ կարող է հպարտանալ. հրեշտակների՞, որոնք անմահ են, իսկ մարդը՝ մահկանացու, մարդո՞ւ առջև, որ կախում ունի այլ մարդկանցից և ենթակա է մահվան, արևի՞ և աստղերի՞ առաջ, առանց որոնց մարդը, մի քանի օր խավարի մեջ թափառելով, կանհետանա, հողի՞ առաջ, որից արարվեց ամեն ինչ, կենդանիների՞ առաջ, որոնք այնքան շատ են, որ մարդը նրանց մեջ կարծես մի բարակ թել լինի շքեղ գորգի վրա, կամ էլ Աստծո՞ւ առաջ, որ եթե Նրա կամքը չլիներ, մարդը չէր լինի: Այսպիսով, ո՞ւմ կամ ինչի՞ առաջ մարդը կարող է հպարտանալ:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում