Արցախը մեր կարիքն ունի. Սևակ Խանաղյանը նոր երգ է հրապարակել և կոչ արել օգնել իր հայրենակիցներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Սևակ Խանաղյանը, որը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում, Արցախին նվիրված երգ է հրապարակել և իր լսարանին կոչ արել մասնակցել համազգային դրամահավաքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արցախ» երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, բառերը գրել է Սոսի Խանիկյանը, գործիքավորումն իրականացրել են Լևան Բրաունն ու Սևակ Խանաղյանը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Արա Ղազարյանն է:
«Այսօր, ինչպես երբևէ, Արցախը մեր կարիքն ունի: Յուրաքանչյուր նվիրատվություն չափազանց կարևոր է: Յուրաքանչյուր նվիրատվություն մենք անում ենք հանուն Արցախի, որպեսզի անհրաժեշտ ամեն բանով ապահովենք առաջնագծում կռվող մեր ընկերներին»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Խանաղյանն ու հղում արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջին՝ www.himnadram.org:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում