Սուրբ Ղազանչեցոցի հրթիռակոծման հետևանքով վիրավորված ռուս լրագրողին տեղափոխել են Երևան. նա վիրահատվել է

Սուրբ Ղազանչեցոցի հրթիռակոծման հետևանքով վիրավորված ռուս լրագրողին տեղափոխել են Երևան. նա վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 8-ին վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկին Ստեփանակերտից նախ տեղափոխել են Գորիս, այնուհետև Երևան:

Ին չպես նշում է iz.ru-ն, այս մասին հայտնել է Комсомольская правда-ի թղթակից Ալեքսանդր Կոցը:

Նրա խոսքով, տեղափոխման ընթացքում լրագրողին արհեստական կոմայից դուրս չեն բերել:

«Ամբողջ գիշեր նրա հետ աշխատել է վիրաբույժների մի քանի խումբ, այդ թվում՝ բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ԳՀԻ-ի վիրաբույժ Շահեն Դանիելյանը, որը կամավոր մեկնել է Արցախ: Վիճակը ծանր է, բայց կայուն»,- գրել է Կոցը:

Հիշեցնենք, որ նախօրեին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն 2 հարված է հասցվել անօդաչուների միջոցով: Հարձակման հետևանքով 3 մարդ էր տուժել՝ Յուրի Կոտենոկը, Լևոն Արզանովը և Հրանտ Բալադյանը, որն ուղեկցում էր լրագրողներին:

Դանիելյանը նշել է, որ լրագրողը վիրավորումներ է ստացել կրծքավանդակի, որովայնի և վերջույթների շրջանում, նա 3,5 լ արյուն է կորցրել:

Արզանովին վիրահատել են նախօրեին, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

«Լրագրողների պաշտպանության հանձնաժողով» միջազգային կազմակերպությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների վիրավորվելու մասին լուրերի ֆոնին Հայաստանից և Ադրբեջանից պահանջել է ապահովել լրագրողների անվտանգությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում