Պուտինն Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին

Պուտինն Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաշեմին Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին նախագահ Պուտինը խորհրդակցության մասնակիցներին պատմել է Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին»,-ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ խորհրդակցության մասնակիցները երկու պետություններին կոչ են արել դադարեցնել կրակը:

Նախքան այդ Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը երկարատև աշխատանք է նախորդել:

«Երեկ օրվա երկրորդ կեսից մինչև ուշ երեկո Պուտինը չափազանց լարված աշխատանք է տարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ: Արդյունքում երեկ երեկոյան տարածվել է նախագահի հայտարարությունը, որում նա կողմերին կոչ է արել մարդասիրական դադարի՝ գերիների փոխանակման և զոհերի տեղափոխման համար կասեցնել կրակը։ Նախագահը նաև կողմերի արտգործնախարարներին Մոսկվա է հրավիրել»,– լրագրողներին հայտնել է Պեսկովը:

Հայտնի է, որ ՌԴ նախագահը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Համապատասխան հայտարարություն է տարածել Կրեմլը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:

Բացի դա, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում