«Քանի դեռ իրենց երակը չեն կտրել, չեն զգալու, որ արյուն է հոսում»
Նմանատիպ
«Իրատեսի» հյուրը բանաստեղծ ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆՆ է: Թեման՝ հայ-ադրբեջանական նոր պատերազմը:
– Ի՞նչ են անում գրողները, առհասարակ, մտավորականներն այս օրերին:
– Ես ընդհանուր չեմ խոսի, որովհետև յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հայ մարդ այսօր իր կերպարի մեջ է, իր լինելության մեջ է, և ընդհանրական մենքի մեջ: Այդպիսին պետք է լինի հենց գրողը, եթե նա այդպիսին չէ, ուրեմն գրում է գրելու համար: Ես որևէ բան չեմ ուզում ասել գրողների մասին, որոնք այսօր, և երեկ, և վաղը-մյուս օրը դարձյալ պետք է լինեն և՛ գրչի հետ, և՛ զենքի հետ: Կարծում եմ՝ գրողը, նկարիչը, քանդակագործը… մշակութային գործիչն այսօր պետք է լինեն այնտեղ, որտեղ նրանց կարիքը կա, որտեղ մի թույլ օղակ կա, մի թույլ բջիջ կա, որտեղ կարիք կա ոգևորման: Ավելացնել չեմ կարող, որովհետև այնքան բան կա ասելու, այնքան բան կա չասված, որ դժվարանում եմ սկիզբը գտնել, վերջին չեմ էլ մտածում հասնել:
– Ինչպիսի՞ն պետք է լինի պոեզիան մեր օրերում:
– Երբեք տուրք չեմ տվել և չեմ էլ տա այն մտայնությանը, որ գրողը պետք է սյուժեի տեսակետից ինչ-որ պլանավորված գործ կատարի: Նախ, որովհետև, գրող պլանավորված չեն դառնում, գրող ծնվում են Աստծո կամոք: Եթե իսկապես գրող է, չեմ կարծում, թե նրան պետք է ուղղորդել, դաստիարակել: Այո, ընդհանուր ուսումնական դաստիարակչական պրոցեսում թրծվում է որպես մարդ, որպես մտավորական, բայց որպես անհատականություն, ազգ-անուն չի գնում հող դառնալու, այլ մարտնչելու, պոեզիա հաղորդելու, գնում է քնքշորեն մեկին սիրելու, գնում է պայթեցնելու… Ես այսօր՝ այս պահին, կարծում եմ՝ ռումբից պակաս իրավիճակում չեմ, որովհետև որտեղ ինձ նետեն, ես կպայթեմ, կպայթեմ թշնամուն ոչնչացնելու համար: Եթե հարկ լինի, ափերիս մեջ կպահեմ մորը, մանկիկին, նրան, ով թշնամու պիտակի տակ չի ապրում, այլ ապրում է որպես մարդ և որպես երկրագնդի մի մասնիկ: Մեր մուտք գործող դուռը շատ նեղ է, իսկ դուրս եկող ելքերը շատ շատ են: Ելքը միշտ մեծ է:
– Բոլոր դեպքերում, ունե՞ք պատերազմական թեմայով գործեր:
– ՈՒնեմ Արցախի մասին բանաստեղծություններ ու դրանք վաղուց եմ գրել: Դա շնչառության և ապրելու նման մի բան է, կրկնում եմ, այն ինչ գրվել է, ոչ թե պլանավորված է եղել, այլ գրվել է, որովհետև չէր կարող չգրվել: Դա իմ՝ հայ մարդու ըմբոստությունն է: Ես երկու անգամ գնացել եմ զինկոմիսարիատ հերթագրվելու, ասում են՝ տարիքդ չի համապատասխանում: Պատրաստ եմ ցանկացած պահի մեկնելու: Բայց ուզում եմ շուտափույթ կերպով ավարտվի պատերազմը, որովհետև մեր հրաշալի զավակներին է տանում: Ամեն օր դողէրոցքի մեջ եմ. նրանք մաս-մաս մեր մարմնից են գնում, մեր սրտով են աշխատում, մեր հոգում են ապրում: Այս օրերին ես զգում եմ մեր լեռների շարժումները, մեր պապերի հայացքները. նրանք բոլորը հիմա պատմական բոլոր ժամանակներից, անցքերից նայում են, թե ինչ հրաշքներ են գործում իրենց սերունդները: Մեզ այսօր հեքիաթ պետք չէ, առասպել պետք չէ, մեր զինվորականները, պատանյակները, որոնք հարսանիք չեն տեսել, բայց մահվան հետ հարսանքի են մտել, իրենց էպոսն ու առասպելն են ստեղծում ամեն օր, ամեն վայրկյան: Նրանց դեմքի, ժպիտների, մարմինների վրա ինչ-որ գերբնականակություն, հանդիսավորություն կա, որը շատ ավելի բարձր է, քան հպարտությունը, քան կոչումները, շքանշանները: 18-20 տարեկան պատանիներ են, բայց արդեն հասուն մարդիկ են: Արդեն մի քանի հերոսներ ունենք:
– Պատերազմական այս իրավիճակից ի՞նչ ելք եք կանխատեսում:
– Մենք հաղթելու ենք, ուրիշ ելք չկա, ոչ թե հաղթելու ենք, այլ հաղթում ենք ամեն օր: Մեղքն ու մեղավորությունը հաղթական պայքարից հետո ավելի ստույգ կիմանանք: Ալիևները, էրդողանները ծարավի են հայի արյան, ընդհանրապես, մարդու արյան: Չգիտեմ՝ առաջադեմ մարդկությունն ի՞նչ է մտածում, որ դրանց մշտապես տեղ է տալիս, այդ հրեշներին չի պատժում: Ամբողջ Արևելքը խառնել են իրար, հիմա էլ՝ Կովկասը, և հասկանալու համար, թե որն է նրանց վերջին նպատակը, դիվանագետ լինել պետք չէ, հասարակ քաղաքացին էլ գիտի: Եվ ձեռքը չեն բռնում. քանի դեռ իրենց երակը չեն կտրել, չեն զգալու, որ արյուն է հոսում: Բայց ես մի բան գիտեմ՝ մեր ժողովուրդը մարդկությանը տրված հրաշքներից մեկն է, և այսօր մարդկությանը դաս է տալիս: Ինքն իրեն չի տալիս, ինքն իր դասը վաղուց է ստացել՝ անցնելով բազում գողգոթաներով: Մեր ժողովրդի մեծագույն դասն այն է, որ եթե դու ազգ ես ու ցանկանում ես ապրել, ուրեմն կապրես: Որքան էլ ճանապարհը խրթին լինի, որքան էլ դժվարին հարթության վրա ենք այսօր, ճշմարտությունը հաղթական ելք կբերի, և մենք ազգովին կցնծանք:
Արցախ աշխարհից առ Աստված
Խոսել չեմ կարող, դու ինձ աչքերով լսիր՝ աչքերից,
Ես այդ չեմ լսում, դա քարն է անվերջ ծանրանում վրաս,
Գիշերը վառվեց հարևան լուսնի նենգ հղացումից
Սովորությունները մնացին դարձյալ գործող պատուհաս:
Բավ է, այրախաչ ոգի տուր, արյան ծախսի նոր հնոց,
Թող վախը զարկվի գիտակցության խոր թմրաուղեղում,
Խոսքի մոտ չգա այսօր՝ հին ու նոր և ոչ մի գորով,
Ես այսօր՝ մահվան շոյանքով զուգված համաստեղություն:
Բավ է, բավական՝ ազատիր դու ինձ իմ այս լինելուց,
Վեհորեն փռված քո հայացքը տուր իմ խոյանքներին,
Կամ՝ ծովաստղի պես իմ սիրտը ննջի՝ ի մեռելոց,
Կամ՝ հավերժ հարյա՜վ ծովից ծով օրհնյալ Հայաստանը իմ:
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ