Թարգմանչաց տոնը խոսում է մշակույթի հաղթանակի մասին. հայտնի են «Կանթեղ» մրցանակի դափնեկիրները

Թարգմանչաց տոնը խոսում է մշակույթի հաղթանակի մասին. հայտնի են «Կանթեղ» մրցանակի դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությանը մրցանակների արժանացան թարգմանիչներ Շուշանիկ Թամրազյանը, Անահիտ Թոփչյանը, Կառա Չոբանյանը, Գևորգ Ասատրյանը և Գուրգեն Բարենցին: Միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 10-ին Օշականում:

Գրողների միության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև Տերունական աղոթքով մեկնարկեց «Կանթեղ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոստովանեց, որ երկմտել են՝ արժե՞ այս օրերին նշել տոնը, թե՞ ոչ: «Թարգմանչաց տոնը նշվել է նաև շատ ծանր տարիների, քանի որ այն խոսում է մշակույթի հաղթանակի մասին: Թարգմանական արվեստը տարբեր ժողովուրդների հետ հաղորդակցման ձև է, իսկ մենք պետք է ցույց տանք մեր ինքնությունը, որը դարերով է կերտվել: Այս տոնը ևս մեկ առիթ է, որ աշխարհը տեսնի, թե մեր ժողովուրդն ինչով է զբաղված: Այնպես որ երբեք չպետք է մոռանանք նման տոների մասին»,-շեշտեց Միլիտոնյանը:

Կառա Չոբանյանը, որը իսպաներենից հայերեն է թարգմանել ականավոր հեղինակների գործեր, ասաց՝ իր համար ամենամեծ մրցանակն ընթերցողների սերն ու սպասումն է, հաճելի է նաև գրչակից ընկերների բարձր գնահատականը: Չոբանյանն իր թարգմանություններից նշանակալի է համարում Նոբելյան մրցանակի արժանացած գործերը՝ Մարիոս Վարգաս Լյոսայի գրքերը և Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները: «Հատկապես կարևորում եմ «Նահապետի աշունը» գրքի թարգմանությունը, քանի որ թեման մինչ օրս արդիական է»,-եզրափակեց նա:

Ֆրանսերենից հայերեն թարգմանությունների հեղինակ Շուշանիկ Թամրազյանն էլ կարևորեց այն, որ հայ մարդը միշտ ձգտել է մի կողմից անաղարտ պահել իր մշակութային ինքնությունը, մյուս կողմից զգայուն լսողություն է ունեցել օտար մշակույթի հանդեպ:

Գևորգ Ասատրյանն այժմ պարսկերենից հայերեն է թարգմանում «Շահնամե» գործը: Նա նշում է, որ չի կարողանում աշխատել, ինչ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ: «Պարսիկ գրող Ֆիրդուսին հայերի թշնամիներին վայրի խոզեր է համարել: Նա գրել է, որ Հայաստանը հրաշալի կանաչ դրախտավայր է, որը հայերը ծաղկացնում են, իսկ վայրի խոզերը փղաչափ ժանիքներով ուզում են փորել այդ հողը»,-պատմեց նա: Անդրադառնալով մրցանակին՝ Ասատրյանն ասաց, որ իր համար պատիվ է այն ստանալը:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է այս մրցանակաբաշխությունը, որի նպատակը դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում