«Ոչ միայն ես, այլեւ իմ ձայնն է ազդում ադրբեջանցիների վրա»

«Ոչ միայն ես, այլեւ իմ ձայնն է ազդում ադրբեջանցիների վրա»

Ասում է դերասանուհի, Հանրային ռադիոյի ադրբեջաներեն բաժնի խմբագիր-թարգմանիչ եւ հաղորդավար Մարիետա Վարդանյանը

Խորհրդային տարիներին ունեցել ենք արվեստագետ, որոնք ապրելով Հայաստանում, Ադրբեջանի կողմից էլ են ստացել կոչումներ, ինչպես օրինակ՝ օպերային տենոր Ավագ Պետրոսյանը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդական արտիստ էր, երգիչ-դերասան Արտաշես Արեւշատյանը, որի այցեքարտը աշուղ Դոստիի դերակատարումն էր «Սայաթ-Նովա» ֆիլմում…

Ադրբեջանը դեռեւս 1990-ականների սկզբին իր կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի տարիներին «թիրախավորել» է նաեւ նման արվեստագետներին՝ դերասանների, երգիչների, ռեժիսորների։ Շատ արվեստագետներ սումգայիթյան դեպքերից հետո Ադրբեջանին վերադարձրեցին ստացած կոչումները, օրինակ, մեր հիշատակած Ավագ Պետրոսյանը՝ ի տարբերություն թեկուզ Զեյնաբ Խանլարովայի, որը ՀՍՍՀ ժողովրդական երգչի կոչում էր ստացել առանց վաստակավորի կոչում ստանալու։

«Առավոտի» զրուցակիցն է դերասանուհի Մարիետա Վարդանյանը, որը 1969-ից մինչեւ 1989թ. աշխատել է Երեւանի Ջ. Ջաբարլիի անվան ադրբեջանական թատրոնում, ընդ որում, վերջին երկու տարիներին՝ որպես թատրոնի տնօրեն։ Խորհրդային տարիներին նրան շնորհվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչումներ։

 

Տեղեկացնենք, որ Երեւանի ադրբեջանական պետական թատրոնը գործել է 1930-ականներից, 49-ին փակվել է, ապա վերաբացվել 1967թ.։ Վերջնական փակվելուց հետո՝ 1989թ., թատրոնն իր գործունեությունը շարունակել է Բաքվում, տեղի դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում, 1994թ. թատրոնին տրվել է պետական կարգավիճակ։

Մեզ հետ զրույցում Մարիետա Վարդանյանը նշեց, որ թատրոնում բեմադրություններ են իրականացրել մեր անվանի ռեժիսորները՝ Ռաֆայել Ջրբաշյանը, Ալեքսանդր Գրիգորյանը եւ այլն։ Տիկին Վարդանյանը չուզեց շատ խոսել այդ թատրոնի մասին, նշելով, որ արդեն 32 տարի աշխատում է Հանրային ռադիոյի ադրբեջաներեն բաժնի խմբագրությունում որպես խմբագիր-թարգմանիչ եւ հաղորդավար։

Հետաքրքրությանը՝ որտեղի՞ց է թշնամու լեզվի նման իմացությունը, մանավանդ որ Ադրբեջանին ոչ հաճելի լուրերը տիկին Վարդանյանի մատուցմամբ համեմատում են երկրորդ համաշխարհայինի ժամանակ Լեւիտանի ելույթների հետ, առանձնացնելով ձայնի տեմբրը, տեղ հասցնելու կարողությունը։ «Ծնվել եմ Երեւանում, չորս տարեկանից՝ ծնողներիս աշխատանքի բերումով ընտանիքս տեղափոխվել է Ղազախ։ Հայկական դպրոցի բացակայության պատճառով հաճախել եմ ադրբեջանական դպրոց, իսկ հետո ուսանել եմ Բաքվի թատերական ինստիտուտում, ավարտելուց հետո վերադարձել Երեւան։

Ի դեպ, ադրբեջանական թատրոնի խաղացանկում մեծ տեղ էին գրավում հայ հեղինակների գործերը՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը», Բորյանի «Նույն հարկի տակ», Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» հրաշալի ստեղծագործությունները եւ այլն։ Իսկ թե ինչպես հայտնվեցի Հանրային ռադիոյում, իրականությունը հետեւյալն է. բաժինը մնացել էր առանց համապատասխան մասնագետի եւ անձամբ ինձ Ազգային ժողովից են խնդրել։ Ընդ որում, որդիներս դեմ էին… Այսօր բաժնում 4 խմբագիր է աշխատում։ Միշտ եւ այսօր էլ հպարտությամբ ենք եթեր տալիս վարձկանների եւ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի դեմ մարտական գործողությունների ժամանակ հայկական զինուժի հաջողությունների մասին լուրերը…»։

Մեզ հասած լուրի առիթով, թե Ադրբեջանը բանուգործը թողած՝ հաղորդումներ է պատրաստում եւ հեռարձակում իր մասին, Մարիետա Վարդանյանն ընդամենն ասաց. «Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից են իմ մասին հաղորդումներ պատրաստել, հիմա էլ իմ մասին պատմող ֆիլմի աշխատանքների են ձեռնամուխ եղել։ Ոչ միայն ես, այլեւ իմ ձայնն է ազդում նրանց վրա։ Ինչպես ասացիք, պարզվում է՝ իսկապես բանուգործ չունեն… Այս անգամ էլ չեն հասնի իրենց նպատակին, մենք դարձյալ հաղթելու ենք»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում