ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով Մոսկվայում է․ Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով Մոսկվայում է․ Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՄեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, Մնացականյանի այցի շրջանակներում ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, արտաքին քաղաքական փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գծով, դիրքավորումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում և այլ միջազգային հարթակներում: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի միջև 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:

Երկխոսության առանցքային թեմաներից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը։ 2020թ. հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման նպատակով կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության թուլացման և առարկայական բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման շուրջ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 11-ի երեկոյան, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում