«ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն ամբողջությամբ չի պահպանվում». Լավրով

«ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն ամբողջությամբ չի պահպանվում». Լավրով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ չեն կատարվում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նախորդ ուրբաթ և շաբաթ, համենայն դեպս, շաբաթ օրվա մի մասը, մենք անցկացրել ենք այստեղ, այս շենքում, մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Ձեռք էր բերվել կարևոր պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը դեռևս պահպանվում է ոչ ամբողջական կերպով և ռազմական գործողությունները շարունակվում են»,- ասել է Լավրովը:

Նա հույս է հայտնել, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև շփումները կօգնեն իրականացնել ԼՂ հարցով Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում