Կոնսերվատորիայի դիմաց կհնչեն ռազմերգեր

Կոնսերվատորիայի դիմաց կհնչեն ռազմերգեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց «ՄԻԱՑԵ՛Ք՝ մի ԵՐԳ, մի ԶԱՐԿ դառնանք» կոչին։ Այս մասին հայտնում են ԵՊԿ հանրային կապերի բաժնից։

Պատերազմների ժամանակ մշակույթը երբեք չի դադարել գոյություն ունենալուց։ Ավելին՝ այն միշտ քաջալերող ուժ է եղել բոլորի համար։ Հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել երաժշտական գործիչները։ Պատահական չէ, որ հաճախ հենց պատերազմների ընթացքում են գրվել համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներ, ինչպես նաև բազմաթիվ հայրենասիրական երգեր, որոնց օգնությամբ զինվորները սխրանքներ են գործել, դիմակայել են բազմաթիվ դժվարությունների ու զրկանքների։ Հենց այդպիսի ռազմերգեր կհնչեն այս միջոցառմանը՝ գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնած մարդկանց։

Միջոցառմանը ելույթ կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը (Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նատալի Գալստյան), երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան) և Գյումրիից ժամանած երաժիշտներ։ Ներկաներին կբաժանվեն գրքույկներ՝ երգերի բառերով, որպեսզի բոլորը միահամուռ կերպով նույն գաղափարի մասը դառնան։

Երաժշտական կոչն իրականանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ։

Հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կազմակերպել էր նաև առցանց համերգ-դրամահավաք՝ բուհի լավագույն ուսանողների մասնակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում