Աշոտ Ավդալյան

Աշոտ Ավդալյան

* * *
Ախ, նվիրակա՞ն ասեմ, թե՞ ըղձյալ
այս լույսը, որը բացվում է դանդաղ
և հաջորդ պահին
արդեն ամենքի կյանքով է լեցուն:
Ախ, նվիրակա՞ն ասեմ, թե՞ ըղձյալ
այս օրը, որը բարձրացավ խաղաղ՝
կես ճանապարհին հայցելով երգեր:
Մտավախությամբ ընդունում եմ քեզ
ու գորովանքով պարում եմ շուրջդ,
թող որ ձայները ընթանան երթով
և լռությանը ձայնարկու դառնան,
ու հնարավոր զարդերով փայլեն,
ու հնարավոր պատկերով զուգված
նորը կըրկընեն:
Ախ, ի՞նչ եմ կանգնել պաղ նվիրումով
ու պաղ հայացքով ընթերցում եմ ինձ,
կարծելով՝ նորը հարթ է ու գերող
ու ձայնարկու չէ կախվող տողերին:
Հրաժեշտի եմ կանգած այս պահին
և նվիրումով կյանքն եմ ընթերցում
ծալ-ծալ դաշտերի,
կարծելով՝ օրը թե մի պահ սահի,
խոնջանք է տալու
ու հրապույրը բացելուց առաջ
տանելու է վեր,
որ մոռացումի զուգերգը հուշի
և կյանքը, իբրև նվիրումի դուռ
կարմիրով ներկի:
Ախ, նվիրակա՞ն ասեմ, թե՞ ըղձյալ…
Այդ դու ես, որը պիտի ինձ հարցնի.
– Տե՞ր ես, որդյակ իմ, գալիք օրերին:

ԱՇՈՏ ԱՎԴԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում