Ճանաչել Արցախը. իսրայելցի ջութակահարն աջակցում է Հայաստանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ երաժիշտների, դերասանների և արվեստի ոլորտի այլ ներկայացուցիչների նման հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին ևս իր զորակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտի արձագանքը հրապարակված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Օստրովսկին ընդգծել է, թե անսահման մտահոգված է, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վրա ու ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։
«Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։ Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային և աջակցե՛ք Հայաստանին»,-շեշտել է նա ու օգտագործել
#MusiciansForPeace #StrongArtsakh #RecognizeArtsakh հեշթեգերը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտեր են մղում նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում