Գրողների միության հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի համահայկական հիմնադրամին

Գրողների միության հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի  համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ռազմաճակատում վիրավորված զինվորներին, Արցախի բնակիչներին, մարտնչող զինվորներին և զոհերի ընտանիքներին աջակցելու նպատակով աշխարհի տարբեր ծայրերից թե՛ հայեր, թե՛ օտարազգիներ մասնակցում են համազգային դրամահավաքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությանն իր մասնակցությունն է ունենում նաև Հայաստանի գրողների միությունը: Միության մոտ գտնվող «Նոր գիրք» գրախանութում վաճառվում են Գրողների միության հրատարակած գրքերը, որոնց վաճառքից ստացված ամբողջ գումարը հատկացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխության մրցանակակիրների համար նախատեսված գումարն արդեն իսկ փոխանցվել է հիմնադրամին: Նա անդրադարձավ նաև Արցախից Հայաստան եկած արցախցիներին՝ նշելով, որ 60 արցախցու հյուրընկալել են ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Սեպտեմբերի 27-ից սկսած «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավը Արցախում ամուր կանգնած հայրենակիցներին աջակցելու նպատակով: Մինչ օրս դրամահավաք-արշավի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 120 մլն ԱՄՆ դոլար:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում